ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե ուղղորդված լինեինք, Գալոյանին կզրկեինք գիտական կոչումից, որ չկարողանար մասնակցել ռեկտորի մրցույթին. Գոգյան

Եթե ուղղորդված լինեինք, Գալոյանին կզրկեինք գիտական կոչումից, որ չկարողանար մասնակցել ռեկտորի մրցույթին. Գոգյան

Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանին կոչումից զրկելը կանխակալ վերաբերմունք չէ նրա անձի նկատմամբ, գործընթացը սկսվել է դեռ փետրվարից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը` հերքելով իր կողմից որեւէ դիտավորություն եւ կապ Դիանա Գալոյանին գիտական կոչումից զրկելու եւ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունների միջեւ:

«Դիանա Գալոյանի դոկտորականի արտագրության մասին փաստերը կային դեռ փետրվարին եւ գործընթացը դեռ այդ ժամանակվանից է սկսվել եւ մինչեւ օգոստոսի 5-ը այդ ամեն ինչը կարող էինք անել, եւ չեմ կարծում, որ փետրվարից մինչեւ հիմա եղած պրոցեսը հապճեպ էր: Եթե մեր կողմից կատարված գործընթացը ուղղորդված լիներ, ապա մենք կարող էինք իրեն ամսի 16-ին զրկել գիտական աստիճանից, ինչի արդյունքում ինքը չէր կարող մասնակցել ամսի 17-ի ՀՊՏՀ ռեկտորի մրցույթին»,- ասաց Գոգյանը:

Գոգյանը հավելեց, որ այս պահին էլ Դիանա Գալոյանը դեռ ՀՊՏՀ ռեկտոր չէ, քանի որ մրցույթի արդյունքները չեն հաստատվել Կառավարության կողմից:

Նշենք, որ Դիանա Գալոյանը Հայաստանում առաջինն է, ով զրկվում է գիտական կոչումից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանը հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել, որ ԲՈԿ նախագահի կայացրած որոշումը իրեն դոկտորի գիտական աստիճան ստանալու որոշումը անվավեր ճանաչելու հետ կապված ցույց է տալիս, որ ԲՈԿ նախագահը կանխակալ վերաբերմունք ունի իր անձի հանդեպ:

«Ինչ վերաբերում է «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի իմ գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու կապակցությամբ ՀՀ ԲՈԿ նախագահի 2020 թվականի հուլիսի 17-ին ընդունած հրամանին, որը տարօրինակ կերպով կայացվեց մրցույթի անցկացման պահին, եւ որը ակնհայտորեն փաստեց վերջինիս կանխակալ վերաբերմունքը անձիս հանդեպ եւ բացահայտեց արդարության հանդեպ նրա խտրական պատկերացումները, ապա այն իրավական արգելք չէր կարող հանդիսանալ ռեկտորի ընտրություններին իմ մասնակցության համար:

Այդ ոչ իրավաչափ հրամանն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: Ավելին, այդ հրամանի ընդունման համար ոչ իրավաչափորեն հարուցված վարչական վարույթի վերաբերյալ վարչական բողոք էր ներկայացվել իմ կողմից դեռեւս ս.թ. հուլիսի 15-ին, սակայն անտեսելով այն եւ չսպասելով վերադասության կարգով բողոքի վերաբերյալ որոշման ընդունմանը` ԲՈԿ նախագահը հապճեպորեն, սպասարկելով խմբային շահ, ընդունել է մյուս ոչ իրավաչափ որոշումը` դրանով իսկ ակնհայտ դարձնելով այդ որոշումն ընդունելու իր անձնական շահագրգռվածության հանգամանքը:

ԲՈԿ-ի նախագահի կողմից իրականացված ոչ իրավաչափ գործընթացի եւ դրա արդյունքում օրենսդրությամբ սահմանված իմ իրավունքների եւ վարչարարության սկզբունքների կոպիտ խախտումներով ընդունված ոչ իրավաչափ հրամանի վերաբերյալ իրավական գնահատականը կտան պատկան մարմինները»,- մասնավորապես գրել է նա:

  • Կիսվել: