երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե Թուրքիայում ընդդիմադիրները հաղթեն, հայ-թուրքական հարաբարությունները կարող են ավելի վատ ընթացք ունենալ. Էստուկյան

Եթե Թուրքիայում ընդդիմադիրները հաղթեն, հայ-թուրքական հարաբարությունները կարող են ավելի վատ ընթացք ունենալ. Էստուկյան

Էրդողանի վարկանիշը նախքան երկրաշարժը արդեն բավականին նվազել էր, բայց պետք է նկատի ունենալ, որ Էրդողանը ունի ժողովրդի տգետ զանգվածից գոյացած եւ մոտ 30 տոկոսի հասնող հավատարիմ կողմնակիցներ: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց «Ակօր» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նրա խոսքով, այդ զանգվածի համար Էրդողանը մարգարեի արժեք է ներկայացնում. «Նրանք ի վիճակի չեն Էրդողանի խոսքերում հայտնված հակասությունները, սխալները, թերությունները տեսնելու:  Էրդողանը կարող է մի օր առաջ ասել՝ այսինչ բանը սեւ է, եւ այդ 30 տոկոսը կհավատա, որ սեւ է: Հաջորդ Օրը Էրդողանը կարող է նույն բանի մասին ասել, որ սպիտակ է եւ այդ 30 տոկոսը այս անգամ էլ բուռն կերպով կպաշտպանի, որ Էրդողանը ճիշտ է: Այս մարդիկ շատ մեծ ուժ են բերում Էրդողանին»,-ասաց Էստուկյանը:

Բայց դրանից զատ, ըստ նրա, ամենամեծ խնդիրն այն է, թե ընտրություններն արդյոք տեղի են ունենալու սահմանված ժամկետին, թե ոչ: «Ճշտված ժամկետը հունիսի կեսերն էր, Էրդողանը երկրաշարժից առաջ  առաջարկեց այդ թվականը մեկ ամիս առաջ բերել եւ մայիսի կեսերին ընտրություններ անել: Իսկ հիմա  Էրդողանի կուսակցությունից կարծիքներ են հնչում, որ պետք է ընտրությունները հետաձգվեն ավելի ուշ: Բայց օրենքները թելադրում են, որ եթե պատերազմական դրություն չկա, ընտրությունները պետք է ճշտված ամսաթվին լինեն: Քաղաքական դաշտի հիմնական նյութը ընտրություններն են:

Ընդդիմադիր 6 ուժեր դաշինք են կազմել եւ մեծ հույս ունեն, որ կարողանալու են հաղթել  Էրդողանին: Մեզ համար կարեւոր հարցը հետեւյալն է. եթե ընդդիմադիրները հաղթեն Էրդողանին, ի՞նչ ճակատագիր է սպասվելու հայ-թուրքական հարաբերություններին, ինչ ընթացք կունենան դրանք: Ես չեմ կարող  երաշխավորել, որ ավելի լավ ընթացք կունենան: Նույնիսկ կարելի է ասել, որ կարող են ավելի վատ ընթացք ունենալ, որովհետեւ Էրդողանը աջակողմյան մտայնություն ներկայացնող գործիչ է, իսկ նրան ընդդիմացողները եւս աջակողմյան են:

Թուրքիայում կա միայն մեկ կուսակցություն, որի վրա հույսեր կարող ենք դնել, դա կոչվում է «Ժողովուրդների ժողովրավարական կուսակցություն», բայց պետք է խոստովանենք, որ այդ կուսակցությունը իշխանություն նվաճելու համազոր ձայներ չունի, եւ չի էլ ունենա մոտ ապագայում: Մեր սիրելի պատգամավոր Կարո Փայլանը այդ կուսակցության անդամ է: Միայն այդ ուժն է, որ կարող է այլընտրանքային մերձեցումներ բերել Թուրքիայի մտայնության վրա»,-ընդգծեց Էստուկյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի մտայնության մեջ մի մասը ազգայնական է, մի մասը՝ կրոնական, եւ Էրդողանը այդ երկուսի միացումն է. «Նա թե թուրք ազգայնական մտայնության, թե կրոնամետ մտայնության ներկայացուցիչն է: Դրանից դուրս ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ, համաշխարհայնացման հավատացող, ժողովուրդների բարեկամությանը հավատացող միակ կուսակցությունը դա է: Իհարկե, կան «Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության» հետ դաշինք կազմած սոցիլիստական մի շարք փոքր կուսակցություններ, որոնց վարկանիշը 1-2 տոկոսի սահմաններում է:

Մենք 20 տարի առաջ հույս ունեինք, որ Էրդողանը կարող էր այլընտրանք լինել իթթիհատական մտայնությանը,  իր պատգամներն այդպես էին: Եվրոպական շրջանակներում էլ մեծ ոգեւորությամբ ընդունեցին Էրդողանի իշխանության գալը, բայց շուտով պարզվեց, որ նրա Եվրոպայի հետ մերձենալու ցանկությունը միայն տնտեսական ոլորտին է վերաբերում»,-ընդգծեց Էստուկյանը:

  • Կիսվել: