ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Եթե տեղ կա պարտք վերցնելու, որ ավելի առաջանցիկ տեմպով ներդրումներ անենք, դա պետք է անենք. Վահե Հովհաննիսյան

Եթե տեղ կա պարտք վերցնելու, որ ավելի առաջանցիկ տեմպով ներդրումներ անենք, դա պետք է անենք. Վահե Հովհաննիսյան

Քանի որ պարտքի թեման լավ վերնագրի թեմա է, և մարդիկ «պարտք» բառը լսելուց ահաբեկվում են պարտքի թիվը հնչեցնելուց, լավ է ծախվում այս թեման, այս հարցը պարբերաբար հնչելու է: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ 2018-ի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 6,8 մլրդ դոլարի սահմանում, իսկ հիմա կրկնակի աճել է՝ հասնելով 13 մլրդի:

«Պարտքի բացարձակ մեծությունը էական չի, տարբեր երկրներում տրիլիոններով պարտք կա, բայց այդ երկրները զարգացած, զարգացող երկրներ են և որևէ խնդիր չկա: Երկրներ կան, որոնք պարտքի ճգնաժամ են ունեցել նույնիսկ փոքր պարտքի հետ կապված, հետևաբար այստեղ մեկ ընդհանուր ֆորմուլա գոյություն չունի, բայց գոյություն ունեն ընդհանուր մոտեցումներ. սովորաբար պարտքը հաշվարկվում են ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ: Այսինքն, իրա բացարձակ մեծությունը, ըստ էության, էդքան էական չի, կապ ունի, թե դուք որքան եկամուտ ունեք, որովհետև համախառն ներքին արդյունքը դա էն համախառն արդյունքն ա, որը մեր պետությունը, մեր բոլոր քաղաքացիները միասին ստեղծում են մեկ տարվա ընթացքում:

Սովորաբար դրա համար է, որ պարտքի մասին խոսելուց մենք խոսում ենք  այդ ցուցանիշի հետ հարաբերակցության մեջ։ Հիմա կարող է այսօր պարտքի մակարդակը լինի 13 միլիարդ, վաղը լինի 50 միլիարդ և այստեղ կարևորը այն է, թե ինչքան է մեր ՀՆԱ-ն զուգահեռաբար աճում։ Դրա համար մենք սովորաբար խոսում ենք պարտք/ՀՆԱ ցուցանիշից, որը 2024 թվականի արդյունքում 0.1% կետով նվազել է:

Փաստորեն, մեր պարտքը աճել է ավելի դանդաղ, քան մեր աճն է տեղի ունենում, այսինքն մենք հարստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում։

Սա նշանակում է նաև այն, որ այն պարտքը, որ մենք վերցնում ենք, որպեսզի ներդրումներ կատարենք մեր ենթակառուցվածքների մեջ տարբեր ուղղություններով, վերադառնում եէ, այսինքն, արդարացված է»,-ասաց նա:

Նախարարը նկատեց, որ ծախսերի արդյունավետության բարձրացման խնդիր միշտ կա և այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք. «Դրա համար Հայաստանում ներդրվում են որոշակի կառուցակարգեր, որպեսզի այդ որոշումը, թե ինչն է արդյունավետ, ինչը ոչ արդյունավետ, ճաշակով չլինի: Ֆինանսային նախարարությունում ներդրել ենք ծրագրերի գնահատման գործառույթ, որպեսզի այս ծրագրերի տարբեր ծրագրեր ռիսկային ծրագրեր կարողանանք գնահատել և հասկանալ, թե ինչքան արդյունավետ են նրանք գործում»:

Վահե Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ 2018-ի համեմատ կրկնակի աճել են նաեւ բյուջեի եկամուտները. «Եթե 2018-ին մեր բյուջեն, եթե ճիշտ եմ հիշում 1,8 միլիարդի շրջանակներում էր,2025 թվականի բյուջեն արդեն 3,5 տրիլիոնի շրջանակներում է:

Ամեն տարի մեր բյուջեի եկամուտները միջինում աճում են 200 միլիարդ դրամով, բայց մեր պարտքի սպասարկման ծախսերը աճում են 20-30 միլիարդ դրամով, այս տարի կարծեմ մի փոքր ավել: Այստեղ կարևորը այն է, որ մեր աճող գումարի ծավալը  շատ ավելի մեծ լինի, քան այն տոկոսը, որը մենք տալիս ենք այդ պարտքի սպասարկմանը:

Եթե տեղ կա պարտք վերցնելու, որպեսզի մի փոքր ավելի առաջանցիկ տեմպով մենք կատարենք ներդրումները, ես կարծում եմ՝ դա պետք է անենք: Պրոբլեմը այնտեղ կարող է լինի, որ մենք պարտքով փող վերցնենք, որպեսզի ինչ-որ մի բան կառուցենք ու չկառուցենք, այ դա կլինի մեծ պրոբլեմ»:

Ֆինանսների նախագահը տեղեկացրեց, որ առաջին եռամսյակը պլանավորել էին ավարտել դեֆիցիտով, բայց ավարտել են հավելուրդով. «Այսինքն մենք ավելի շատ հարկ ենք հավաքել, քան ծախսել ենք, թեև պլանավորում էինք ծախսել շատ ավելի շատ»:

  • Կիսվել: