ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Եթե ՔՊ-ն մեր օրակարգն ընդունի, պատրաստ ենք համագործակցել. «Բոլորին դեմ եմ»-ը փաստաթղթերը հանձնեց ԿԸՀ

Եթե ՔՊ-ն մեր օրակարգն ընդունի, պատրաստ ենք համագործակցել. «Բոլորին դեմ եմ»-ը փաստաթղթերը հանձնեց ԿԸՀ

Քիչ առաջ «Բոլորին դեմ եմ» անվանումը կրող կուսակցությունը իր փաստաթղթերի փաթեթը ներկայացրեց ԿԸՀ և պատրաստվում է հունիսի 7–ին կայանալիք ընտրություններին։

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սպարտակ Կյուրեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ցուցակում 87 անուն կա։

«Մեզ մոտ ցուցակի առաջին համարը ես եմ, բայց մեր մոտ առաջին համարը չի նշանակում վարչապետի թեկնածու, մենք առանձին վարչապետի թեկնածուի ընտրություն ենք անելու, ու այդ ժամանակ կարող է ուրիշ մարդ լինի։ Ապրիլի 25-ից սկսելու է պրոցեսը, մայիսի 1–ին արդեն վերջնական իմանալու ենք անունը։ Մենք վարչապետի թեկնածուի համար ունենք հատուկ պայման, ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ, այսինքն հաղթելու դեպքում մեր վարչապետի թեկնածուն պետք է 100 օրվա ընթացքում մեր նախանշած օրակարգը իրականացնի, իսկ դրանից հետո նշանակի արտահերթ ընտրություններ, որին ինքը չպետք է մասնակցի»,–ասաց նա։

Խոսելով իրենց հաղթելու շանսերի մասին, Սպարտակ Կյուրեղյանն ասաց. «Մենք կարծում ենք, որ Հայաստանում բավականին շատ «բոլորին դեմ եմ» քաղաքացիներ կան, բոլոր տեսակ հարցումներն էլ դա ցույց են տալիս, մեր նպատակն է այդ մարդկանց զգալի մասի ձայները ստանալ։ Այսինքն մեր քարոզարշավը ուղղված է լինելու այդ մարդկանց, որոնք բոլորին դեմ են, փորձելու ենք այդ մարդկանց ձայների զգալի մասը բերել մեր կողմը»։

Հարցին՝ ո՞ր ուժերի հետ են պատրաստ համագործակցել, նա պատասխանեց. «Մենք բաց ենք բոլոր ուժերի հետ համագործակցելու։ Յուրաքանչյուր մարդ, անհատ, թե թիմ կարող է ընդունել մեր հռչակագիրը ու աջակցել։ Մենք միայն համաձայնվելու ենք մեր օրակարգի շուրջ գործընթացներին։ Մեր օրակարգը հետևյալն է, մենք իրականացնելու ենք երեք հատ փոփոխություն, 100 օր հետո անելու ենք նոր ընտրություններ ու պարտադիր այդ օրակարգը իրականացնողը պետք է լինի մեր վարչապետի թեկնածուն։ Այսինքն եթե ուժերը կհամաձայնեն այդ օրակարգի հետ, մենք պատրաստ ենք աշխատելու>:

Նա հայտարարեց, որ եթե վարչապետի ընտրություն լինի Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր որևէ թեկնածու միջև, իրենք ոչ մեկին չեն ընտրի, քանի որ իրենք հանդես են գալիս սեփական թեկնածուով. «Մենք բոլոր ուժերին առաջարկելու ենք մեր օրակարգը, մեր վարչապետի թեկնածուով։ Եթե ուժերը չհամաձայնվեն դրան, մենք ոչ մի տեղ անելու բան չունենք, իրենք կարող են գնալ երկրորդ փուլ։ Որևէ մեկին չենք պատրաստվում միանալ»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ են ՔՊ–ի հետ համագործակցությունը, Սպարտակ Կյուրեղյանն արձագանքեց. «Եթե իրենք մեր ամբողջ օրակարգը կընդունեն, մեր վարչապետի թեկնածուն կլինի ու մենք մեր բոլոր պրոցեսները մենք կիրականացնենք, այսինքն որևէ այլ նախապայման չի լինի, մենք բոլոր ուժերի հետ պատրաստ ենք։

Մեր օրակարգը 100-օրյա օրակարգ է ու ընդհանուր քաղաքական դաշտի համար, ժողովրդավարության տեսանկյունից մի քայլ առաջ օրակարգ է, ու մենք ընդամենը 100 օրով ենք ուզում ու նաև մեր վարչապետի թեկնածուն հաջորդ ընտրություններին չի մասնակցելու, այսինքն այնպիսի իրավիճակ չի լինելու, որ մեր վարչապետի թեկնածուն մասնակցի ու ձայների 70% –ը տանի»։

  • Կիսվել: