կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե Փաշինյանն ինձ կանչեր, ես կհորդորեի անել լրացուցիչ զիջումներ և հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորման. Օսկանյան

Եթե Փաշինյանն ինձ կանչեր, ես կհորդորեի անել լրացուցիչ զիջումներ և հասնել Արցախի հարցի հայանպաստ կարգավորման. Օսկանյան

Մենք այս պատերազմը մեր գլխին ենք բերել, որովհետեւ տապալել ենք բանակցությունները. մենք պատերազմը պարտվել ենք, որովհետեւ չենք կարողացել պահպանել ռազմական հավասարակշռությունը: Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Մենք խայտառակ ձեւով պարտվել ենք պատերազմը, որովհետեւ այն վարել ենք շատ վատ: 1994-ի զինադադարից հետո մինչեւ 2018-ը, թեկուզեւ հարաբերական անդորր ու խաղաղություն էր հայ-ադրբեջանական սահմանագծում, պհպանվել է երկու երկու գործոնների շնորհիվ՝ կայուն դիվանագիտական գործընթաց եւ նաեւ ռազմական հավասարակշռություն: Այդպես է եղել 1-ին, երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ: Ես լավ հիշում եմ երկրորդ նախագահի իշխանության ժամանակ, երբ ես ԱԳ նախարարն էի, ամեն անգամ, երբ դիվանագիտական դատարկություն էր ստացվում երբ Ադրբեջանը հերթական անգամ մերժում էր Մինսկի խմբի առաջարկությունը, միանգամից հանձնարարական էր տրվում, որ մեր ամբողջ դիվանագիտական ջանքերը դնենք մեջտեղ բերելու մի նոր առաջարկություն, չթողնել բանակցային վակուում ստեղծվի, որն իր մեջ վտանգ է պարունակում: Ես լավ հիշում են ԱԽ հանդիպումները, երբ զեկուցվում էր նախագահին, որ ինչ-որ մի դիրքում ադրբեջանական կողմը 100 մետր առաջ է եկել, անպայման հանձնարարություն էր տրվել դա չեզոքացնել կամ պարտադրել, որ հետ վերադառնան իրենց նախնական դիրքերը, կամ հայկական դիրքերն այնպես տեղաշարժվեն, որ դա կոմպենսացվի»,-ասաց նա:

Օսկանյանի խոսքով, եթե իսկապես լինելին անխուսափելի պատերազմներ, դիվանագիտությունը եւ արտաքին հարաբերությունները որպես դիսցիպլինա գոյություն չէին ունենա. «Եթե Հայաստանը մտել է մի պատերազմի մեջ, որից ուզում ենք խուսափել, նշանակում է, ՀՀ իշխանությունն այդ ժամանակ չի կարողացել ճիշտ որոշումներ կայացնել եւ տապալել է բանակցությունները, ինչն էլ բերել է պատերազմի: Սա միանշանակ է»,-հայտարարեց Օսկանյանը:

Նա հայտարարեց, որ այսօր մեզ ուզում են համոզել, որ մենք այլընտրանք չունենք, այնպիսի վիճակ է ստեղծվել, որ պետք է զիջենք Ղարաբաղը, որ կարողանանք փրկել Հայաստանը. «Սա կեղծ ու սուտ թեզ է ու իր մեջ մեծ վտանգավորություն է պարունակում: Մենք պետք է կարողանանք այս մոտեցումը հաղթահարել: Այո, եթե նայենք անզեն աչքերով, թվում է՝ իրավիճակն անելանելի է, բայց այդ իրավիճակը ստեղծել են իշխանությունները: Հարց է առաջանում, թե ի՞նչ կարող են անել իշխանությունները այս վիճակում: Իմը սովորական ու անզեն աչք չէ. ես 1991-ից եղել եմ բանակցային գործընթացի խոհանոցում, եղել եմ գլխավոր բանագնաց իսկ որպես ԱԳ նախարար 10 տարի առաջնորդել եմ այդ ամբողջ գործընթացները: Ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել Մինսկի խմբի կողմից առաջարկված 6 փաստաթղթերին: Հատկապես կարող եմ ասել, որ ես մադրիդյան փաստաթղթի կրողներից մեկն եմ: Այնտեղ ինչ հայանպաստ դրույթ կա, դրա հեղինակը եղել եմ ես:

Հիշո՞ւմ եք, ինչ-որ մի պահի Փաշինյանն ասաց՝ ես պետք է խորանամ մադրիդյան փաստաթղթի մեջ, որովհետեւ այնտեղ բազմաթիվ դրույթներ կան, որոնք ինձ համար  անհասկանալի են, տարբեր մեկնաբանությունների առիթ են տալիս: Նաեւ Ալիեւի հետ էր խորհրդակցել; Այդ  օրերին Փաշինյանին մոտ կանգնած մարդկանց հետ առիթ էր եղել հանդիպելու եւ ես հետեւյալ անեկդոտը պատմեցի. «Թուրքիայի բանտերից մեկում բանտարկյալը գնում է գրադարանավարի մոտ եւ ինչ-որ գրքի անուն է տալիս, ուզում է կարդալ: Այդ գիրքը լինում է խիստ հակաիշխանական: Գրադարանավարն ասում է՝ գիրքը չունենք, բայց գրքի հեղինակն է այստեղ, կարող եք իր հետ հանդիպել»: Ես պատմեցի անեկդոտը եւ ասացի՝ խնդրում եմ ձեր ղեկավարին ասեք, որ մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, Երեւանում է ապրում, ինքը կարող է կանչել եւ գործակցել: Եթե ինքն այդ օրերին Փաշինյանն  ինձ կանչած լիներ եւ ես առիթ ունենայի իր հետ խոսելու, ես իրեն հետեւյալ հորդորը կանեի.  Հաշվի առնելով իր բարձր հեղինակությունն այդ օրերին, լայն աջակցությունը, ինքը ունի այն հնարավորությունը, որ կարողանա լրացուցիչ որոշ զիջումներով, որ նախկին նախագահները չուզեցին կամ չկարողացան անել, ինքն իր վրա վերցնի պատասխանատվությունը, անի այդ լրացուցիչ մի քանի զիջումները եւ հասնի Արցախի հարցի հայանպաստ կարգավորմանը:

Մադրիդյան փաստաթուղթը այդ հնարավորությունը տալիս էր, այդ հնարավորությունը կար: Փաշինյանը լավ ժառանգություն էր ստացել: Ես պատրաստ էի այդ հարցում իր կողքը կանգնել եւ աջակցել, որ հնարավոր լինի հասնել հարցի խաղաղ կարգավորմանը: Բայց Փաշինյանը գնաց ուրիշ ճանապարհով, գնաց ներքին պառակտման, սկսեց իր զրոյական կետից»,-հայտարարեց ԱԳ նախկին նախարարը:

Նա ընդգծեց, որ երբ տապալում ես դիվանագիտությունը, գալիս է պատերազմը: Իսկ եթե տնուլ ես տալիս պատերազմը, արդեն դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու հրամայական է ստեղծվում. «Այստեղ է , որ մեր իշխանությունները պատերազմից հետո վրիպեցին: Նրանք չկարողացան դիվանագիտությունը բերել առաջին գիծ եւ օգտվել նորընձեռնված հնարավորություններից: Նրանք գնացին իրենց սխալն արդարացնելու ճանապարգհով եւ դրանք օրեցօր ավելի խորացան:

Մեր իշխանություններն արեցին հակառակը, գնացին աշխարհին համոզելու, որ Արցախը մերը չի, այն ադրբեջանական տարածք է, եւ այս գործունեությունը շարունակվում է: ՀՀ ոչ մի իշխանություն Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել»,-ասաց Օսկանյանը:

  • Կիսվել: