կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Եթե որդիս վախեցող լիներ, չէր թողնի իր հրամանատարական կետը և մեկներ առաջնագիծ. Սեյրան Օհանյան

Եթե որդիս վախեցող լիներ, չէր թողնի իր հրամանատարական կետը և մեկներ առաջնագիծ. Սեյրան Օհանյան

Անդրանիկ Քոչարյանը սխալվում է, ես ծառայել եմ Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գնդում, ես եղել եմ ոչ թե վաշտի, այլ գումարտակի հրամանատար, և նա սխալվում է, որ այդ զորմամասը մասնակցել է «Կոլցո» օպերացիային: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

«Հակառակը, այդ զորամասը այն տարիներին մեծ աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտի և Արցախի բնակիչներին: Մենք մինչև հիմա բարեկամություն ենք անում այդ զորամասի զինծառայողների հետ, որոնց մեծ մասը ՌԴ ում է ապրում: Այդ զորամասի դուրս բերվելուց հետո մեծ քանակությամբ զրահատեխնիկա է մնացել, որը ՊԲ-ի համալրման հիմք է հանդիսացել»,- ասաց Օհանյանը:

Նրա խոսքով՝ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի շուրջ ձևավորված  քննարկումները վերածվեցին կենցաղային մակարդակի քննարկումների, որովհետև ինքն էությամբ այդպիսինն է․ 

«Թվում էր, թե Քոչարյանի պատասխանը պետք է լինի այն, որ ձևավորել են համապատասխան ծրագիր, արտագնա նիստ են կայացրել, այնինչ նա նշում է, որ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել Բաղրամյան փողոցում, և երբ ես պնդեցի պատասխանել իմ հարցին, նա սկսեց անդրադառնալ պատմությանը, իմ անցյալին՝ ընդ որում սխալ տվյալներ ներկայացնելով»:

Օհանյանի կարծիքով թիրախավորված է ողջ բանակը:

«Ինձ թվում է, որ ես գտնվում եմ ոչ թե ԱԺ-ում, այլ բանակում կամ դատարանում: Այնպիսի բաներ են պատմում բանակի մասին, որոնք տեղ չպետք է գտնեն ԱԺ-ում»,-ասաց նա:

Անդրադառանալով  իր որդու հետ կապված խոսակցություններին, Օհանյանը նշեց.

 «Այս մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է իմ որդին, ով եղել է զորամասի հրամանատար՝ գնդապետի կոչումով: Քրեական գործ է հարուցված և քննչական մարմինները պարզել են, որ նման վարկած, որ որդիս կրակել է ոտքին, չկա: Ինքը գտնվել է իր հրամանատարական կետում, որը հեռու է գտնվել առաջին գծից նաև զորամասի շարժման ժամանակ: Եթե ինքը վախեցող լիներ, չէր թողնի իր հրամանատարական կետը և մեկներ առաջին գիծ: Ոմանք ասում են՝ տանկի մեջ է ինքն իրեն վնասել, չհասկանալով որ իր զորամասը տանկային զորամաս չէ: Իմ զավակը իր ռազմական մասնագիտությունը ընտրել է ինքնուրույն: Ես հրապարակավ հայտարարում եմ, որ իր ծառայության ընթացքում որևէ  բանով ես իրեն չեմ օգնել:

Ավելին՝ զորամասի հրամանատար նշանակվելու ժամանակ անձամբ իրեն զրույցի է հրավիրել Նիկոլ Փաշինյանը: Բայց զորամասի հրամանատարի նշանակումը երկրի վարչապետի գործառույթը չէ: Խոսակցության առարկան եղել է հետևյալը՝  «Հաշվի առնելով հայտնի իրադարձութունները, ես հրավիրել եմ Ձեզ զրույցի»: Թե որոնք են հայտնի իրադարձությունները, ես չգիտեմ: Իմ որդին պատասխանել է ՝ «Ես ծառայել եմ և ծառայում եմ իմ հայրենիքին և ես երբեք չեմ կարող հրաժարվել իմ հորից»:

 

  • Կիսվել: