Մենք երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղության համաձայնագրի կնքմանը. Ալիևի ներկայացուցիչ
Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղության բանակցություններում։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, ամսնավորապես, նշել է. «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Այժմ Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն վերջնականապես փակել թշնամության այս գլուխը և սկսել փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում և այն դարձնել բարիդրացիության, կայունության և խաղաղության վայր։
Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին»:
Միևնույն ժամանակ, Ամիրբեկովը դարձյալ խոսել է ՀՀ-ի Սահմանադրությունից՝ նշելով, թե այնտեղ, իր խոսքով, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ»: Նա հավելել է, որ «որքան շուտ այդ հարցը լուծվի», այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը: