շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե մեր ժողովուրդը իր քվեն տա Նիկոլ Փաշինյանին, մենք կարճ ժամանակ հետո վերանալու ենք որպես ազգ. Վանեցյան

Եթե մեր ժողովուրդը իր քվեն տա Նիկոլ Փաշինյանին, մենք կարճ ժամանակ հետո վերանալու ենք որպես ազգ. Վանեցյան

Մինչև իմ բուն հրաժարականի օրը ես առնվազն երեք անգամ ներկայացրել էի հրաժարականի դիմումներ՝ համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականության հետ: Այս մասին այսօր ՛՛Պրեսսինգ՛՛-ի եթերում ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ փորձել է մի քանի անգամ բացատրել, որ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ:

Վանեցյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահի կողմից հրապարակված ձայնագրությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում է իր թիմակիցներին, որ ինքն արտաքին խաղացողներին փորձում է խաբել և, իր բառերով ասած, ՛՛գժի տեղ՛՛ դնել և խուսափել կոնկրետ հարցերի քննարկումից:

Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Եթե երկիրը ղեկավարող մարդը մշտապես խաբում է բոլորին և փորձում է սուտը տեղափոխել արտաքին աշխարհ, դրա արդյունքը լինում է պատերազմ, պատժամիջոցներ, որի հետևանքը կրում են երկիրը և քաղաքացիները՛՛:

Ըստ Վանեցյանի՝ առաջիկա ընտրությունները Հայաստանի լինել կամ չլինելու մասին են. ՛՛Եթե մեր ժողովուրդը իր քվեն տա Նիկոլ Փաշինյանին, մենք կորցնելու ենք Հայաստանը և կարճ ժամանակ հետո վերանալու ենք որպես ազգ, դա զուտ խոսքեր չեն, դա իրողություն է, որը կախվել է մեր գլխին՛՛:

Խոսելով իր՝ ԱԱԾ պետ եղած ժամանակներից՝ Վանեցյանն ասաց, որ կոնկրետ հրահանգներ է ստացել Նիկոլ Փաշինյանի կողմից: ՛՛Ուղիղ հրաման է տվել վախեցնել Հրայր Թովմասյանին, գտնել վարկաբեկիչ նյութեր նրա մասին: Էս մարդը պատուհաս է մեր երկրի ու մեր բոլորի գլխին՛՛,-նշեց նա:

Նա ասաց նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ և այդ կապը այն ժամանակ իրականացվել է ի պաշտոնե նրա կողմից, եղել են հանդիպումներ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ՝ ամիսը մեկ-երկու անգամ:

Վանեցյանը հավելեց. ՛՛Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվում էր փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը, և ես պետք է շփվեի բացառապես սահմանային հարցերի շուրջ՛՛:

  • Կիսվել: