չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եթե մեր համագործակցությունը չստացվեց, այս ավագանին կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների․ Տիգրան Ավինյան

Եթե մեր համագործակցությունը չստացվեց, այս ավագանին կարելի է ցրել և գնալ նոր ընտրությունների․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու նիստում շանտաժի լեզվով պետք չէ խոսել, քանի որ ավագանու նիստերը պետք են ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը և ընտրողներին։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթին։
 
Նշենք, որ Սուքիասյանն անդրադարձավ երեկվա միջադեպից հետո Երևանի քաղաքապետարանի միջանցքում Երևանի թաղապետերի պահվածքին։
 
«Որևիցե վարչական աշխատող, վարչական շրջանի ղեկավար չպետք է նման վարքագիծ դրսևորի. սա փողոց չէ, որ ինչ–որ մեկը գա, մյուսի թասիբը պահի։ Եթե դուք կարծում եք, որ ձեր կից ուժին հրահրելով մեր դեմ` դուք այս ամենից ստերիլ եք մնալու ու ամեն ինչ լավ է լինելու, չարաչար սխալվում եք։ Առաջին հերթին սա վարկաբեկիչ է ձեզ համար»,–ասաց Սուքիասյանը։
 
Նա ընդգծեց, որ քաղաքապետն անվտանգության հետ կապված միջոցներ կիրառելու մասին է խոսում, այնինչ դեռ խնդիր ունեն պատշաճ նիստ գումարելու։
 
«Քաղաքային իշխանությունը կոալիցիոն գործընկերոջ հետ մեկտեղ չունի քվորում, առանց մեզ` ընդդիմադիր ուժերի, այդ քվորումը չի լինելու։ Եվ մենք կարող ենք ուղղակի չգալ նիստերին և քվորում չապահովել»,–ասաց նա։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց Սուքիասյանին, որ պետք չէ շանտաժի լեզվով խոսել։
 
«Եթե այստեղ խնդիրներ չենք կարողանալու լուծել, կարելի է և գնալ նոր ընտրությունների: Մենք նոր ընտրություններից չենք վախենում և խնդրում ենք մեզ հետ հաթաթաների լեզվով չխոսել. մենք ձեզ հետ այդ լեզվով չենք խոսում»,–ասաց Ավինյանը։
 
Սուքիասյանի ելույթից հետո ելույթ ունեցավ «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը և հորդորեց ընդդիմության մյուս ներկայացուցիչներին միայն իրենց անունից ելույթ ունենալ։
Անդրադառնալով միջադեպին` Սարգսյանը նշեց, որ երեկվա նիստում տեղի ունեցածն իրենց համար անկանխատեսելի էր, քանի որ օգտագործվել է այնպիսի բառապաշար, որը ցնցել է անգամ իրենց կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին (Դոգ)։ Նա հորդորեց այլև «նիստերի դալիճում այլևս մազեր չպոկել»։

 

Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, խոսելով երեկվա միջադեպից, հայտարարել էր, որ թաղապետերի պաշտոնակության հարցը չբարձրացնելու դեպքում իրենք և մյուս խմբակցությունը չեն մասնակցի նիստերին և քվորում չեն ապահովի։

«Քաղաքային իշխանությունը չունի քվորում, առանց մեզ դա չի լինելու, ընդդիմության հետ այս ռասկլատի դեպքում հանդուգն պետք չի խոսել, մեզ սպառնալու փոխարեն, միջանքներում թաղապետերը հարձակվում են մարդկանց վրա ոհմակով, տվեք հստակ գնահատական»,- ասել էր նա։

  • Կիսվել: