երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե մենք երկկողմ ձևաչափով բանակցում ենք Ադրբեջանի հետ, արդեն բանակցելու ենք Թուրքիայի հետ. Փաշինյանը՝ «3+2» ձևաչափի մասին

Եթե մենք երկկողմ ձևաչափով բանակցում ենք Ադրբեջանի հետ, արդեն բանակցելու ենք Թուրքիայի հետ. Փաշինյանը՝ «3+2» ձևաչափի մասին

Այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՛՛3+2՛՛ ձևաչափին եւ ասաց, որ ՛՛3+2՛՛ ձևաչափի առաջին նիստի ընթացքում քննարկվել են հետագա հանդիպումների ընդհանուր սկզբունքներին վերաբերող հարցեր։ 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այն ինչ քննարկել ենք նախկինում, այդ շրջանակն է եղել։ Մեր ներկայացուցչի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ դրական տպավորություն ունենք առաջին հանդիպումից, որը չի նշանակում, որ այն ռիսկերը, որոնց մասին ահազանգում են, չկան։ Բայց ընդհանուր առմամբ ՛՛3+2՛՛ ձևաչափը համապատասխանում է Կառավարության ծրագրի այն դիրքորոշումներին, որ մենք ուզում ենք տարածաշրջանայաին խոսակցություններին մասնակից լինել։

Եթե մենք երկկողմ ձևաչափով բանակցում ենք Ադրբեջանի հետ, արդեն բանակցելու ենք Թուրքիայի հետ, Իրանի հետ մեր երկխոսությունը մշտական է, Ռուսաստանի Դաշնությունը մեր մշտական գործընկերն է, անտրամաբանական կլինի, որ այդ միջավայրում չենք ուզում խոսել, եթե առանձին-առանձին բոլորի հետ խոսում ենք՛՛։

Վարչապետը նկատեց, որ առկա են հոգեբանական խնդիրներ՝ սկսած հանդիպումների վայրի ռոտացիայից։

Նա ասաց. ՛՛Սկզբունքորեն տրամաբանական կլիներ, որ առաջին հանդիպումը Մոսկվայում է տեղի ունեցել, հետո մայրաքաղաքներում այդ հանդիպումները տեղի ունենային։ Իհարկե, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մայրաքաղաքների համար կա ուղիղ հոգեբանական, քաղաքական և բարոյական բարդություններ։ Բայց, ի վերջո, ռազմական առումով մենք դեպի ո՞ւր ենք ուզում շարժվել։ Այնպես չէ, որ այդ ֆորմատում տանիքից մանանա է թափվելու, բայց մյուս կողմից դա խոսակցություն է, որին մենք պետք է ներկա լինենք մեր երկրի շահերը մաքսիմալ պաշտպանելու համար։ Ի՞նչ իմաստ ունի այդ ձևաչափը ձևավորել և հաջորդ պահին ձախողել։ Եթե տեսնենք, որ այդ ձևաչափը չի համապատասխանում Հայաստանի շահերին, մենք չենք մասնակցի այդ պրոցեսին՛՛։

Վարչապետը հավելեց, որ նախնական տպավորությունները դրական են, ինչը, սակայն, չի նշանակում, որ հաջորդ հանդիպումները, ըստ նրա, կլինեն նույն կերպ:

  • Կիսվել: