Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք. ԱԽ քարտուղար
Կառավարությունը Հայաստանի անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության առկայության դեպքում անպայման կկիսվի հանրության հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ սահմանային իրավիճակի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաև կեղծ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքները։
«Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Մենք շարունակում ենք հրապարակային սրա մասին խոսել, աշխատել այս ուղղությամբ, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ունենանք»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական կողմից սահմանամերձ շրջաններում կուտակումների մասին տեղեկություններ կա՞ն՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Եթե որևէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է Հայաստանի անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար, մենք այդ ինֆորմացիայով կկիսվենք հանրության հետ»:
Պատասխանելով հարցին, թե պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է՝ Գրիգորյանը կրկնեց.
«Եթե Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնալիք տեսնենք, բնականաբար, հանրության հետ կկիսվենք: Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի անվտանգության սպառնալիքներին, բնականաբար, կկիսվենք հանրության հետ»: