շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե Հայաստանը հրաժարվում է ինքնորոշումից և իջեցնում նշաձողը, իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը, իսկ ագրեսորը պետք է պատժվի․ Շավարշ Քոչարյան

Եթե Հայաստանը հրաժարվում է ինքնորոշումից և իջեցնում նշաձողը, իր վրա վերցնում է ագրեսորի պիտակը, իսկ ագրեսորը պետք է պատժվի․ Շավարշ Քոչարյան

Արցախյան հակամարտության սկզբից ի վեր եղել է երկու դիրքորոշում՝ հայկական՝ շեշտը դրվելով ինքնորոշման իրավունքի վրա և ադրբեջանական՝ շեշտը դրվելով տարածքային ամբողջականության վրա։ Այս մասին Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ ընդդիմության նախաձեռնած քննակման ժամանակ ասաց նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
 
Վերջինս մեջբերեց ՄԱԿ-ի նպատակներից այն կետը, որը վերաբերում է Արցախյան հակամարտությանը։
 
«Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի հիման վրա և համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման։ ՄԱԿ-ը ամրագրում է, որ ժողովուրդների բարեկամական հարաբերությունները պետք է հիմնվեն ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի հիման վրա»,- ասաց նախկին փոխարտգործնախարարը։
 
Քոչարյանը նշեց, որ ինքնորոշման իրավունքից հրաժարվելը աղետալի հետևանքներ կարող է ունենալ։
 
«Տեղի է ունեցել հակամարտություն, եղել են հազարավոր զոհեր, ավերածություններ, ով է դրա համար պատասխանատու։ Եթե խնդիրը վերաբերում է ինքնորոշմանը, ապա ստացվում է, որ ագրեսորը Ադրբեջանն է, որը ի պատասխան Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման, դիմել է ուժային քաղաքականության, որը արտահայտվել է բռնի տեղահանումներով, զանգվածային ջարդերով և լայնածավալ ռազմական ագրեսիայով՝ ինքնորոշված ԼՂ-ի դեմ։ Եթե սա տարածքային վեճ է, ապա Հայաստանին շատ դժվար է պաշտպանվել ագրեսորի պիտակից։ Եթե Հայաստանը կամովին հրաժարվում է ինքնորոշումից և իջեցնում է նշաձողը, դա ոչ այլ ինչ է, քան այն, որ Հայաստանը վերցնում է ագրեսորի պիտակը, իսկ ագրեսորը պետք է պատժվի»,- ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: