երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե հարցը հրատապ չէ, ինչո՞ւ եք շրջանցել մեր հանձնաժողովը. Էդուարդ Աղաջանյանին դուր չեկավ, որ իր ղեկավարած հանձնաժողովն անտեսել են

Եթե հարցը հրատապ չէ, ինչո՞ւ եք շրջանցել մեր հանձնաժողովը. Էդուարդ Աղաջանյանին դուր չեկավ, որ իր ղեկավարած հանձնաժողովն անտեսել են

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում էր «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Զեկուցող ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ առաջարկվող կարգավորումներով ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն։

«Քաղաքացիական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը։ Մենք կարծում ենք, որ այս հնարավորությունը պետք է օգտագործվի, որպեսզի այս պաշտոնին հավակնող մեր հայրենակիցների հնարավորինս մեծանցվի», - ներկայացրեց Վաղարշակ Հակոբյանը։

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ ասաց, թե ողջունում է պատգամավորների նախաձեռնությունը՝ վերանշյալ փոփոխությունն իրականացնելու համար։

Հարցի քննարկման հրատապությունը դուր չեկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին։

«Կուզեի հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված հրատապությունը, հաշվի առնելով որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տեղյակ չէ այս նախագծից և մեզ չի ուղարկվել կարծիքի», - նշեց նա։

Փոխնախարարն ասաց, թե հարցը ոչ այնքան հրատապության մեջ է, որքան՝ այդ գործընթացն առաջ տանելու մոտեցումն է։

«Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ինչո՞ւ է շրջանցվել ԱԺ-ի ինստիտուցիոնալ ճանապարհը՝ լիագումար նիստ հասնելուց առաջ հարցը քննարկել հանձնաժողովում», - արձագանքեց Աղաջանյանը՝ առաջարկելով հետաձգել հարցի քվեարկությունըմ ներառել այն հանձնաժողովի նիստում, դրանից հետո արդեն քվեարկել։

Այդուամենայնիվ, նախագիծը քվեարկվեց և ընդունվեց ԱԺ-ի կողմից։

  • Կիսվել: