շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Եթե գազը թանկանա, ՀՀ–ն կարող է բարձրացնել 102–րդ ռազմաբազայի մնալու վարձավճարը․ Գաբրիելյան

Եթե գազը թանկանա, ՀՀ–ն կարող է բարձրացնել 102–րդ ռազմաբազայի մնալու վարձավճարը․ Գաբրիելյան

Գազի թանկացման դեպքում Հայաստանը ևս կարող է թանկացնել որոշ բաներ Ռուսաստանի համար, և դա կարող է վերաբերել նաև Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայի վարձավճարի բարձրացմանը։  Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
«Ինչու՞ ոչ։ Այո՛։ Իմ անձնական տեսակետը նաև դա է»,–ասել է Գաբրիելյանը։
Անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը`նա նշել է, որ ոչինչ բացառված չէ. ըստ պայմանագրի՝ ռազմաբազան կարող է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերվել կողմերից մեկի պահանջով։
Ռազմաբազայի դուրսբերումը, ըստ իշխանական պատգամավորի, բացասաբար չի ազդի Հայաստանի անվտանգության վրա, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները։
 
«Փաստացի այն առաքելությունը, որով որ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Հայաստանի Հանրապետությունում, այդ առաքելության շրջանակում փաստը կայանում է նրանում, որ ռազմաբազան իր առաքելությունը չի իրագործել, մասնավորապես բազմիցս մատնանշվել են 21 և 22 թվականի դեպքերը, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը ենթարկվել է հարձակման։ Դա է ասում պայմանագիրը։ Պարտավոր է պաշտպանել Ռուսաստանի Դաշնության շահերը և Հայաստանի Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության շահերը համատեղ»,–հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

  • Կիսվել: