չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Եթե չլինեինք ժողովրդավարական երկիր, վստահեցնում եմ, որ այսօր ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա. Փաշինյան

Եթե չլինեինք ժողովրդավարական երկիր, վստահեցնում եմ, որ այսօր ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա. Փաշինյան

Ուզում եմ տեսնել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն: Ինչո՞ւ, որովհետև իմ համոզմունքն այս 6 տարիների փորձից հետևյալն է, որ այն բոլոր փոփոխությունները, որ հնարավոր էր ՀՀ-ում, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում, իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ, այդ ամեն ինչն արված է: Այդ մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պատկերացում ունի Հայաստանում ժողովրդավարության մասին, այն ամենի մասին, ինչ դեռևս պետք է իրականացնել:

«Այսօր էլ մենք ունենք քաղաքական կամք՝ այդ բարեփոխումները շարունակելու: Բայց մենք կտեսնենք, որ 2018-2019 թթ. փոփոխությունների այդ մեծ տեմպը մի իքս պահի դանդաղեց, նվազեց, և հիմա անբավարարվածության զգացումն այդ փոփոխությունների օրակարգի, բարեփոխումների օրակարգի իրականացումից ավելի շատ է, քան բավարարվածությունը:

Ինչի՞ց է դա, որովհետև միայն ցանկությունը բավարար չէ: Ընդհակառակը, այդ ցանկությունն ավելի մեծ է, որովհետև մենք տեսնում ենք ժողովրդավարության օգուտները, այդ թվում՝ հետևյալ տրամաբանությամբ, որ ժողովրդավարությունն ի վերջո պետության և հանրության դիմադրողականությունը մեծացնում է»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, թե անընդհատ ասվում է՝ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, ինչը ճիշտ է, բայց չեն հարցնում՝ այդ դժվար ժամանակների միջով ինչպես և ինչի շնորհիվ է անցնում ՀՀ-ն:

«Իմ համոզմունքն այն է, որ ժողովրդավարության, միայն ու միայն ժողովրդավարության, որովհետև եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա: Բայց, հետևաբար, մենք պետք է արձանագրենք նաև, որ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ (մենք բոլորով անկեղծ ուզում ենք՝ դա տեղի ունենա), դա արդեն տեղի է ունեցել և ավարտվել է, և մեզ պետք են արդեն ինստիտուցիոնալ լուծումներ»,- ասաց նա:

  • Կիսվել: