շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եթե Արեւմուտք-ՌԴ հարաբերություններում սրումն ուժեղանա, Հայաստանին կարող են ոտքի տակ գցել. Քոչարյան

Եթե Արեւմուտք-ՌԴ հարաբերություններում սրումն ուժեղանա, Հայաստանին կարող են ոտքի տակ գցել. Քոչարյան

Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը բերել է նրան, որ կոմպլեմենտարության հնարավորությունը շեշտակի նեղացել է, կամ ընդհանրապես գոյություն չունի: Այս մասին, այսօր տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Իմ նախագահության ժամանակ մենք հռչակել էինք կոմպլեմենտարության քաղաքականություն, բայց այն ժամանակ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում Ռուսաստանն ավելի շատ ծրագրեր ուներ ՆԱՏՕ-ի հետ, քան մենք: Հատուկ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ կար: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի հասկանալի ձեւով կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում:

Ես մինչեւ այսօր չհասկացա մեր արտաքին քաղաքականության  տրամաբանությունն ու ուղղությունը:  Մի շատ պարզ օրինակ, ԱՄՆ-ի կողմից կազմակերպվում է այսպես կոչված, ժողովրդավարության համաժողով: Ակնհայտ է, որ սա հակառուսական եւ հակաչինական  ծրագիր է: Մենք այստեղ ի՞նչ ունենք: Ինչ-որ մի 3 րոպեանոց անբովանդակային, անհասկանալի ելույթի համար մենք մտել ենք մի ֆորմատի մեջ, որը քո ռազմավարական դաշնակցի, որը քո երկրի սահմանների անվտանգությունն է ապահովում, մենք այդ երկրի դեմ կազմակերպված միջոցառման ինչի՞ ենք մասնակցում: Ես չունեմ դրա բացատրությունը:

Սա փորձ է վերակենդանացնել մի տրենդ, որը ժամանակին ԽՍՀՄ-ը փլուզվելուց հետո բավական հզոր ներուժ ուներ այն ժամանակ: Այն ժամանակ միտքը այն էր, որ ամբողջ աշխարհը ժողովրդավարացնելով ավելի կանխատեսելի ու անվտանգ աշխարհ ենք ունենալու: Բայց հետո եղան գունավոր հեղափոխություններ՝ աղետալի հետեւանքներով, եղավ արաբական գարունը, եղավ ներխուժումն Իրաք, Աֆղանստան եւս աաղետալի հետեւանքներով, եղան Գուանտանամոյի խոշտանգումները: Այդ միֆին մարդիկ այլեւս չեն հավատում:

Հիմա այս ամենը մի կողմ դրած, մենք դուխով մտել ենք ներկա ստանալու համար: Աշխարհը փոխվել է, չի կարելի»,-հայտարարեց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ եթե Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում սրումն ուժեղանա եւ ծայրահեղ դրսեւորումներ ստանա, Հայաստանին կարող են ոտքի տակ գցել, եթե չունենանք ուժեղ բանակ եւ ամուր անվտանգային համակարգ:

Քոչարյանի խոսքով, Արեւմուտքի նպատակը Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն է կամ գոնե էապես նվազեցնելը նրանց ազդեցությունը այս տարածաշրջանում:

«Բավական երկար ժամանակ ՌԴ-ն հասկանալի հեռավորություն է դրսեւորել Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչը իսկապես ՌԴ շահերից է բխում: Իրենք հույս ունեին, որ իրենց ազդեցությունը նաեւ Ադրբեջանի նկատմամբ չնվազի:

Բայց այս պատերազմից հետո իրավիճակ է փոխվել Հարավային Կովկասում: Ես համոզված եմ, որ մենք մի պրոցեսի մեջ ենք, որը կարող ենք բնութագրել որպես աշխարհաքաղաքական վերափոխում Հարավային Կովկասում: Երբ Թուրքիան միացավ այս ամենին եւ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը լրիվ այլ բնույթ ստացավ, այլեւս հավասար հեռավորություն պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ դժվար է, եւ ես համոզված եմ, որ նաեւ մի քիչ անհասկանալի է հայկական կողմի համար եւ չեմ կարծում, որ երկարատեւ առումով դա լավ բանի կարող է բերել, բայց այդ ձեւաչափը դեռ չի փոխվել: Ռուսաստանի կյանքը դժվարացել է այս ամենից հետո, որովհետեւ իրենց հավասարակշռված քաղաքականությանը նոր տարր է ավելացել եւ իրենք դեռ չեն ադապտացրել իրենց գործունեությունը այդ նոր էլեմենտի առկայության հետ: Թուրքիայի դերը շեշտակի աճել է եւ շարունակելու է աճել: Ես ակնկալում եմ, եւ համոզված եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն երեւի մշակման մեջ են, հաշվարկներ անում են: Բայց մենք չենք կարող ՌԴ-ից պահանջել, որ ավելի հայ լինեն, քան մենք: Մենք որպես դաշնակից երկիր պետք է չկորցնեինք մեր կարգավիճակն այս տարածաշրջանում»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, մենք կորցրել ենք ամենից մարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակը, ստացել ենք մի կարգավիճակ, երբ անընդհատ պաշտպանության կարիք ունենք. «Քո կշիռը փոքրացել է եւ այս ամենի հետ միասին մտնում ենք անհասկանալի  ինչ-որ ձեւաչափերի մեջ: Գիտեք, մարդու շորի վրա մի կոճակ կա, որ չես օգտագործում: Շալվարի վրա էլ այդպիսի կոճակներ կան: Եթե դու քեզ հասցրել ես այդ կոճակի կարգավիճակին, բայց մտնում ես նման պրոցեսների մեջ, ինչ ասեմ»:

Հարցին, թե աարդյոք դա նշանակում է, որ մեր արտաքին վեկտորը պետք է ուղղված լինի միայն Ռուսաստանի կողմը, Քոչարյանը պատասխանեց. «Եթե մի միջոցառում ունի ակնհայտ հակառուսական, հակաչինական ուղղվածություն, ինչի՞ ես դրան մասնակցում: Բազմաթիվ այլ ֆորմատներ կան, որտեղ այդ հակառուսականությունն ընդգծված չէ: Դու չպետք է գլուխդ կորցրած թռնես մի վագոնի մեջ, որը ուրիշ տեղ է տանում: Դա որեւէ աղերս չունի քո ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մասնակցության հետ, հիմա դու կողմնորոշվիր՝ դու որտե՞ղ ես: Իհարկե, բալանսը պետք է պահել, բայց արդյոք այն մարդիկ, որոնք պետք է այդ բալանսը պահեն, հասկանում են, թե այդ բալանսն ինչ է»:

Քոչարյանը զարմանք հայտնեց, թե ինչու ենք մենք սպասարկում Թուրքիայի շահերը մեր տարածաշրջանում. «Մեր քայլերը ակնհայտ թուրքական շահերի սպասարկում է. ինչի՞ են դա անում, իրենց համոզմո՞ւնքն է, թե գաղտնի ներգործություն է: Ես մի անգամ ասել եմ, որ եթե ՀՀ ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այս քայլերը»:

  • Կիսվել: