երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե ԱԳՆ-ն որոշում են կայացրել՝ չմասնակցել այդ հանդիպմանը, ուրեմն բավարար հիմքեր եղել են. Խաչատրյանը՝ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման մասին

Եթե ԱԳՆ-ն որոշում են կայացրել՝ չմասնակցել այդ հանդիպմանը, ուրեմն բավարար հիմքեր եղել են. Խաչատրյանը՝ Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման մասին

«Ես վստահում եմ մեր ԱԳՆ-ին և նրա գործելաոճին, եթե որոշում են կայացրել, որ պետք է չմասնակցեն այդ հանդիպմանը, ուրեմն բավարար հիմքեր եղել են»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր սպասվող Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանը մասնակցելուն հայկական կողմի հրաժարմանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Լաչինի միջանցքի հարցով Երևանի և Բաքվի միջև կա ուղիղ բանակցություն՝ Խաչատրյանը պատասխանեց. «Երևանն ուղիղ չի բանակցում Բաքվի հետ Լաչինի միջանցքի վերաբերյալ, բանակցությունները տեղի են ունենում իհարկե միջնորդների միջոցով և այս պահի դրությամբ այդ խնդրի ողջ առանցքը ռուս խաղաղապահներն են, և նրանք են այդ խնդիրներով զբաղվում ու նաև բանակցում ադրբեջանական կողմի հետ»:

Խաչատրյանը խոսեց նաև Ռուբեն Վարդանյանի օրեր առաջ հնչեցրած այն հայտարարության մասին, թե հնարավոր է, որ միջանցքը բացվի. «Այո, գազի մատակարարման վերականգնումից հետո հիմնավոր տեղեկություններ կային՝ այդ թվում նաև խաղաղապահ զորքերից, որ հնարավոր է՝ ճանապարհը բացվի: Բայց մի բան պետք է մենք ի սկզբանե հաշվի առնենք, որ ամեն դեպքում բանակցություններն ընթանում են Ադրբեջանի հետ և Ադրբեջանի գործելաոճը բոլորիս էլ հայտնի է: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը խոստացել է, նույնիսկ ստորագրել է, պարտավորվել է, բայց այդ պարտավորությունները մնացել են օդում: Մենք գիտենք Ադրբեջանի օրակարգն ինչպիսինն է, նա այս պահին ցանկանում է ստանալ առավելագույնը, բանակցային գործընթացների խաթարումներն իհարկե դրա հետևանքն է: Այո, Ադրբեջանը փորձում է ճնշումներ գործադրել և ճնշումների մեջ նաև օգտագործել ողջ միջազգային հանրությանը»:

Իսկ թե արդյոք մինչև տարեվերջ հնարավոր է սպասել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, պատգամավորն ասաց. «Մինչև տարեվերջ քիչ հավանական եմ համարում, որ որևէ բան կտորագրվի»:

  • Կիսվել: