Էստոնիայի նախագահը պատմել է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ ՀՀ և ԱՄՆ նախագահների հետ զրույցների մասին
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, որը Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ նստած էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ կողքին, ERR-ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփի հետ խոսել է Ուկրաինայում խաղաղության գործընթացի մասին և նրան հրավիրել է այցելել Էստոնիա, գրում է news.am-ը:
Ալար Կարիսը մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը Վատիկանում շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, և սգո արարողությանը հետևել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ միասին։ Արարողությունից հետո Կարիսը զրուցել է Թրամփի հետ։
«Ես նրան հարցրի, թե ինչպես է ընթանում խաղաղության գործընթացը և խնդրեցի անել ամեն ինչ, որպեսզի գործընթացը շարունակվի, և ԱՄՆ-ն չհրաժարվի (միջնորդի իր դերից): Նա խոստացավ դա անել և ասաց, որ մենք բավականին մոտ ենք որոշմանը, քանի որ նա հենց նոր հանդիպել է Զելենսկու հետ: Իհարկե, ես նրան շատ չհարցրի այն մասին, թե ինչ տվեց այս հանդիպումը», - ասաց Էստոնիայի նախագահը:
«Մենք նաև խոսեցինք այն մասին, որ նա կարող է այցելել Էստոնիա, և նա ինձ հրավիրեց Վաշինգտոն: Մենք նաև խոսեցինք տրանսատլանտյան հարաբերությունների մասին, այն մասին, թե որքան կարևոր են դրանք մեզ երկուսի համար՝ ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան տեսանկյունից: Նախագահ Թրամփը համաձայն է: Այսպիսով, մենք պետք է մտածենք, թե ինչպես բարելավել այս հարաբերությունները», - նշել է Ալար Կարիսը:
«Մենք, իհարկե, այնտեղ չհամաձայնեցրինք ամսաթվերի շուրջ, բայց այդ հրավերները պաշտոնական էին, ուստի մենք կփորձենք պարզել, թե երբ է նախագահ Թրամփը գալու աշխարհի մեր անկյունը։ Իհարկե, նա կայցելի Ֆինլանդիա և Լատվիա, և գուցե այլ հարևան երկրներ, բայց այս փուլում դեռ վաղ է դրա մասին խոսել», - ասել է նա։
Կարիսը նաև կարճատև բանակցություններ է վարել այլ պետությունների ղեկավարների հետ։ Օրինակ՝ նա խոսել Իսպանիայի թագավոր Ֆիլիպի հետ, որը նստած էր իր կողքին։ «Քանի որ նա նաև այցելել է Էստոնիա, մենք երկար խոսեցինք այս այցի և դրա պատմության մասին», - ասաց Կարիսը։
Նա նաև զրուցել է Պորտուգալիայի նախագահի հետ, ով այցելելու է Էստոնիա, և Հայաստանի նախագահի հետ։