ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը. Ալար Կարիս

Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը. Ալար Կարիս

Էստոնիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը տեսնել խաղաղ և կայուն, ինչը նաև անհրաժեշտ նախապայման է Հայաստանի հաջող և բարգավաճ ապագայի համար: Այս մասին հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ տեղի ունեցած հանդիպումը:

«Մենք հուսով ենք, որ լարվածությունը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դաժան հակամարտությունների պայմաններում: Շատ կարևոր է հասնել համապարփակ և կայուն խաղաղության բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ»,  գրել է Ալար Կարիսն իր Facebook-ի պաշտոնական էջում։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն Էստոնիայի նախագահը շեշտել է նաև Twitter-ի իր էջում՝ նաև աջակցություն հայտնելով ԵՄ դիտորդական առաքելությանը:

«Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին», - գրել է նա:

 

Հայաստանի իր գործընկերոջ հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադառնալով՝ Էստոնիայի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունն աստիճանաբար խորացնում են Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերը, ինչը լավ հնարավորություն է՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարումը, նորարարությունը, տեխնոլոգիաները, կրթությունը և մշակույթը:

 

  • Կիսվել: