Էսկալացիայի վտանգ կա, քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել, ձեռքը ձեռքի չենք սեղմել. Միրզոյան
Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել և ձեռքը ձեռքի չենք սեղմել, էսկալացիայի վտանգ կա: Դա կարող է լինել տեխնիկական ինչ-որ բանից՝ կայծից հրդեհ բռնկվի, մյուս կողմից` կարող է լինել պլան՝ որպես այդպիսին: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր վտանգի մասին հայտարարությանը:
«Կոնկրետ բանի գույժ չէ, որ հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Առնվազն իմ տպավորությունն այդպիսին է»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ադրբեջանական կողմը կրակում խաղաղության հաստատման մասին երկկողմանիորեն համաձայնեցված տեքստի պարագայում անգամ, Միրզոյանը պատասխանեց՝ Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ համատեղ ստեղծել միասնական հետաքննող մեխանիզմ և այդ մեխանիզմի արդյունքում պարզել՝ հրամա՞ն են կատարում զինվորները, թե՞ ինքնուրույն գործողություններ են կատարում: