Էսկալացիա կլինի, եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի Ադրբեջանի ուղղությամբ. Արմեն Խաչատրյան
Բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ ՀՀ իշխանությունն ասում է այն, ինչ կա, և դրա համար պատասխան է տալիս, իսկ որևէ գերտերության հայտարարություն չես կարող ասել՝ ինչ հիմքեր ունի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու են տարբեր գերտերությունների ներկայացուցիչներ հայտարարում էսկալացիայի վտանգի մասին, անում տարաբնույթ հայտարարություններ, իսկ Հայաստանի իշխանությունները հավաստիացնում, թե խաղաղություն լինելու է:
Հարցին՝ ինչու է ադրբեջանական կողմը նորից սկսել կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ, Խաչատրյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում:
«Ցավոք սրտի, այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն, տասնյակ, հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա, և եթե անգամ կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ-որ չափով հնարավոր է՝ լսում են մեր գյուղերում և ցանկացած կրակոցի ձայն ինչ-որ անհանգստացնում է»,- ասաց նա:
Խաչատրյանը հավաստիացրեց՝ խուճապ չկա:
«Ասեմ ձեզ՝ գյուղում որևէ խուճապ չկա, չի կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովոր են դրան, և գիտեն այդ ամենը, բայց իհարկե, անհանգստացնող է, և օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդրին լուծում տալ»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ արդյոք կնքումից հետո ադրբեջանական կողմը չի կրակի այլևս, Խաչատրյանը վստահություն հայտնեց՝ չեն կրակի:
«Որովհետև եթե կնքվի, արդեն զորքերը չեն իրականացնելու սահմանապահ գործառույթը, այլ սահմանապահ զորքերն են իրականացնելու այդ գործառույթը երկուստեք, իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրանցվում»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ եթե հայկական կողմից լինի համարժեք պատասխան, արդյոք ադրբեջանական կողմը կշարունակի կրակել, Արմեն Խաչատրյանը նկատեց՝ իրավիճակը կգնա էսկալացիայի, և չես կարող ասել՝ էսկալացիան որտեղ կկանգնի:
«Այնպես չէ, որ հայկական կողմը չունի այդ հնարավորությունը՝ պատասխան համարժեք գործողությունների գնալու, բայց ՀՀ կառավարության դիրքորոշումը այն է, որ ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր զինված ուժերը բավական ադեկվատ և հավասարակշռված գործողություններ են իրականացնում և որևէ էսկալացիոն գործողություն Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել»,- համոզմունք հայտնեց նա՝ չհամաձայնելով դիտարկմանը, թե այդ կրակոցները ռազմական էսկալացիայի նախերգանք կարող են լինել:
Նրա խոսքով՝ խաղաղությունն այլընտրանք չունի:
«Մեր երկու երկրների միջև դա լինելու է: Խաղաղության պայմանագիրը լինելու է, դելիմիտացիան լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները: Սրանք պրոցեսներ են և պետք է դրա մկջով անցնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացմանը, պատգամավորը ասաց՝ նորություն չունի բացման վերաբերյալ, նաև տեղեկացրեց՝ հունիսի 2-ին Ֆրանսիան իր հյուպատոսությունը կբացի Գորիսում, որին ինքն անձամբ ներկա է լինելու:
Ճշտող հարցին՝ ՌԴ-ի պարագայում կա՞ արդյոք խնդիր, որ հյուպատոսությունը չի բացվում, Խաչատրյանը պատասխանեց՝ հարցի վերաբերյալ ճիշտ կլինի հարցն ուղղել ՌԴ-ին և ԱԳՆ-ին:
Նա կարևորեց Ֆրանսիայի կողմից Գորիսում հյուպատոսության բացումը, ընդգծեց՝ դա շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։
ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ տուժածներ չկան: