Ես ընդամենը պատասխանել եմ հայհոյանքներին, ես չեմ հայհոյել․ Նարինե Հայրապետյանը՝ երեկվա միջադեպի մասին
Ես ընդամենը պատասխանել եմ հայհոյանքներին, ես չեմ հայհոյել: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին:
«Ես այդ աստիճանի անտակտ եւ անգրագետ չեմ, որ իջնեմ իմ որոշ մակարդակից: Դա եղել է ընդամենը պատասխան: Իմ պատասխանը մեկ քառորդն էլ չէր կազմում այդ հրահրումին»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ տեսանյութում երեւում է, որ ինքը հայհոյում է, ավագանու անդամն ասաց. «Ես ընդամենը արձագանքել եմ, իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե ձեզ հայհոյեին: Ես սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել եմ, երբ ինձ սեռական բնույթի հայհոյանք են հնչեցրել:
Կան մարդիկ, որոնք այստեղ ընդհանրապես չպետք է լինեին, եւ կան մարդիկ, որոնք իրենց ծառայի պարտականություններն այնքան լավ են կատարում, որ ուղղակի ապշեցուցիչ է: Հետագա ընթացքը ցույց է տալու, որ ես բավականին նորմալ մարդ եմ: Ես կարող եմ լինել մի քանի տեսակի: Ես բարձրագույն կրթություն ունեցող մարդ եմ, բավական լավ ինտելեկտով, եթե պետք է մեկ անգամ իրենց մակարդակին հավասարվել, որ իրենք հասկանան, որ իրենց հետ կարող եմ իրենց լեզվով խոսել, ես դա կարամ անել: Դա չի շարունակվելու, խոստանում եմ»:
Հարցին, թե ով է իրեն հայհոյել, Նարինե Հայրապետյանն արձագանքեց. «Գնացեք գտեք, եթե ձեզ թվում է, թե ես ինչ-որ մեկին պետք է գործ տամ, սխալվում եք: Ես իմ հարցերն ունակ եմ ինքս լուծելու»:
Ինչ վերաբերում է նրան, որ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթի ժամանակ ինքը ռեպլիկներ է թողել, մինչդեռ կարող էր առանձին ելույթ ունենալ, արձագանքել, «Մայր Հայաստանի» անդամն ասաց. «Եթե իմ թիմակցին են վիրավորում, Աստվածաշունչն ասում է՝ պաշտպանիր քո հարազատին, ինչպես ինքդ քեզ կպաշտպանես: Ես դա եմ արել: Իմ թիմակցի անցյալի անգամ արած սխալը իրավունք չունի ոչ ոք հիշեցնելու, որովհետեւ այդ հիշեցնողները այսօր արդեն թուրքին ծառայողների ծառան են»:
Նա անդրադարձավ նաեւ թաղապետերի վարքին. «Երեկ Շենգավիթի թաղապետն այստեղ քացով կռիվ էր անում, որի իրավունքը չուներ: Կանանց էլ էր քաշքշում»:



