ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու մեծ հնարավորություններ ունեմ, այնպես չէ, որ մենք թշնամիներ ենք. Արայիկ Հարությունյան

Ես Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու մեծ հնարավորություններ ունեմ, այնպես չէ, որ մենք թշնամիներ ենք. Արայիկ Հարությունյան

Եթե Վիտալի Բալասանյանը չի տեսնում հայաստանյան քաղաքական ուժերի հետ ակտիվ, ներդաշնակ համագործակության հնարավորություն, ապա ինչպե՞ս համագործակցենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե հայտարարում է, որ պատրաստ է համագործակցել Արցախի բոլոր ուժերի հետ, սակայն Վիտալի Բալասանյանը հայտարարել է՝ չի ընդունում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ Արցախի հարցում։

Նա նաև նշեց, որ դեռ չի խոսել Վիտալի Բալասանայանի հետ։

Դիտարկմանը, թե մի շարք գեներալներ, որոնք Վիտալի Բալասանյանի ընկերներն էին, իրեն են աջակցել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ նրանք Վիտալի Բալասանյանի ընկերներն են, իմ ընկերները չեն։ Օրինակ ո՞վ է աջակցել, մեկի անունը տվեք»։

Երբ լրագրողը տվեց Արշավիր Ղարամյանի անունը, ԱՀ նախագահի թեկնածուն արձագանքեց. . «Արշավիր Ղարամյանը ոչ մեկին էլ չի աջակցել, հաստատ ինձ չի աջակցել։ Երևի խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, նա առաջին հերթին իմ ընկերն է եղել, իմ հրամանատարն է եղել, նաև Վիտալի Բալասանյանի ընկերն է եղել։ Դրա համար եմ ասում՝ Ղարաբաղում մի բաժանեք մեզ։ Ես նշեցի, որ 14 թեկնածուներից 2 սանիկ ունեմ, անուններ չտանք էլի, Ղարաբաղը շատ փոքր է։ Մեկը մյուսի ընկերն է, բարեկամն է, խնամին է, բոլորը ծանոթ և բարեկամ են»։

Արայիկ Հարությունյանը նաև նշեց՝ եթե պարզվի, որ Վիտալի Բալասանյանի կոշտ հայտարարությունները հայաստանյան իշխանությունների նկատմամբ, հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում, չեն համապատասխանում իրականությանը, կարող են համագործակցել, իսկ եթե ոչ՝ ո՞նց համագործակցեն։

«Կփորձենք այլ կերպ համագործակցել, բայց դա չի նշանակում, որ մենք դառնալու ենք հակառակորդ, համագործակցություն լինելու է արդեն այլ ձևաչափով։ Խորհրդարանի ընդդիմությունը ևս մեծ անելիքներ ունի անելու մեր երկրում։ Ես Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու մեծ հնարավորություններ ունեմ, այնպես չէ, որ մենք թշնամիներ ենք, կարող է հիմա դուրս գամ զանգեմ, հանդիպենք և որևէ խնդիր չունենք հանդիպելու»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

  • Կիսվել: