Ես վարչապետին շատ հարգում եմ, սակայն ներդրումների համար պայմաններ չկան` հարկերը պետք է իջեցվեն. Ծառուկյան
Ես վարչապետին շատ հարգում եմ, սակայն ներդրումների համար պայմաններ չկան: Այս մասին Ceramisia գործարանի բացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Multi Group կոնցեռնի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց. «Երբ կարողանանք ապահովել ներդրումների մեծ հոսք, այդ ժամանակ էլ կմտածենք հարկերի բարձրացման մասին։ Իսկ առայժմ պետք է իջեցնել հարկերը: Պետք է ստեղծել մեկ պատուհանի համակարգ, որպեսզի ներդրողները ժամանակ չկորցնեն թղթաբանության վրա»։
Ըստ Ծառուկյանի` բիզնեսի համար ոչ բարենպաստ պայմանները հանգեցրել են նրան, որ արաբական ներդրողների կողմից 100 մլն դոլարի նախագծի իրականացումը ձգձգվում է. «Հիմա ես մի հատ հասարակ օրինակ ասեմ՝ ցեմզավոդի կողքը թագաժառանգը սիլիցիումի գործարան է կառուցում ինձ հետ միասին, կառավարումն իրենք են անելու: Ուղիղ մեկ տարի է մենք դիմել ենք հողի կարգավիճակը փոխելու համար՝ արոտավայրը դառնա արտադրամասի համար տարածք: Ուղիղ մեկ տարի չեն փոխում: Վարչապետն իմացել է, զանգել բարկացել է, մեկ ժամ հետո պատրաստի տվել են»:
Նշենք, որ Ceramisia գործարանը կառուցվել է «Multi Group» կոնցեռնի և իտալական «Italian Stoneware» հոլդինգի համատեղ ներդրումային նախագծի շրջանակում: Նախնական ներդրումները կկազմեն 30 մլն եվրո։
Ծառուկյանի խոսքով`Ceramisia գործարանում մասնագետների սուր պակաս է զգացվում. հիմա գործարանում աշխատում է 35 մարդ, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 1000 մարդու. «Աշխատավարձը տատանվում է 150 հազարից մինչև 500 հազարի սահմաններում»։
Ծառուկյանը խոսեց նաև ԱԺ-ի աշխատանքների մասին` խորհրդարանի աշխատանքը գնահատելով անբավարար: