ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես ուրախ եմ, որ մեր կառավարության գործունեության պայմաններում որոշ ընդդիմադիրներ վերագտել են իրենց վստահությունը. Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ, որ մեր կառավարության գործունեության պայմաններում որոշ ընդդիմադիրներ վերագտել են իրենց վստահությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է հանրաքվեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ունեցած իր ելույթի մի հատվածին, որ ովքեր դեմ կգնան հանրաքվեին կհամարվեն հակապետական ուժեր:

Հարցը վարչապետին տվեց «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը՝ նկատելով, որ այս հարցի շուրջ քննարկումներն այնքան բուռն են եղել, որ հարցադրում է եղել մեքենաներ այրելու մասին: Ի պատասխան վարչապետն ասաց, որ եթե իշխող ուժը մեքենաներ այրող լիներ, նման հայտարարություններ չէին հնչի և իշխող ուժի հետ այդպես չէին խոսի:

«Եղել են ժամանակներ, եղել են մեքենա վառողներ, պադյեզդներում ծեծող-սպանողներ և այդ մարդիկ, երբեք այդ անձանց հետ այդպես չեն խոսել: Երբեք: Որովհետև իմացել են, որ դրան իսկապես կարող է հաջորդել մեքենայի վառելը, շքամուտքում ծեծելը: Ես ուրախ եմ, որ նման քննարկումներ տեղի են ունենում գործող կառավարության պայմաններում, որովհետև երբ ես այն ժամանակ նման ելույթներ ունենում էի, այսօրվա որոշ ընդդիմադիր գործընկերներ այն ժամանակ սփրթնում էին ԱԺ դահլիճում նստած: Ես հիմա ուրախ եմ, որ իրենք գտել են իրենց վստահությունը», -հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով իր հայտարարությանը, վարչապետը հստակեցրեց, որ ինքն իր ելույթում ասել է՝ ով կխոչընդոտի ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը, կհամարենք հակապետական ուժ:

«Ինձ թվացել է, որ մենք, բոլոր ժամանակների ընդդիմադիրներս, այդպես ենք վերաբերվել՝ ով դեմ է ժողովրդի կամքի ազատ արտահայտմանը, հակաժողովրդավարական ուժ է: Մեր երազանքը ժողովրդի կամքի ազատ արտահայտումը չի եղե՞լ: Իհարկե, դա է եղել», -նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է իր ելույթում ակնարկած իրավական խոչընդոտներին, Փաշինյանն ասաց, թե նկատի է ունեցել այն, որ եթե հանրաքվե անցկացնելու մասին որոշումը վիճարկվի Սահմանարդական դատարանում, ապա դա հակապետական քայլ կլինի:

«Մենք ասում ենք՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք և եթե ուժ կա, որ ասում է՝ չէ, մենք ժողովրդին չենք հարցնում, գնանք Սահմանադրական դատարանին հարցնենք, ապա այստեղից բխում է որոշակի հետևություն», նշեց նա:

  • Կիսվել: