հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ես ու Նազելին ոչ մի գաղափարական ընդհանուր բան չունենք, իմ ու մարզպետի հարաբերությունները լարված են․ Շիրակի մարզպետի եղբայրն՝ իր ու քրոջ մասին․ «Հրապարակ»

Ես ու Նազելին ոչ մի գաղափարական ընդհանուր բան չունենք, իմ ու մարզպետի հարաբերությունները լարված են․ Շիրակի մարզպետի եղբայրն՝ իր ու քրոջ մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտալուտ պաշտոնանկության մասին վաղուց են խոսում՝ դեռ նոյեմբերի 25-ից, երբ նրա եղբորը՝ Արման
Բաղդասարյանին, ոստիկանները փռեցին ասֆալտին ու բերման ենթարկեցին «Կումայրի» բաժին եւ դա արեցին, ինչպես մի քրեական հեղինակության, վտանգավոր «մաֆիոզիի» կտանեին՝
ապօրինի զենք կրելու կասկածով, իսկ հետո բաց թողեցին։

Այդ ժամանակ Նազելի Բաղդասարյանը շատ սուր արձագանքեց, իսկ Գյումրիում սկսեցին խոսել, թե Նազելի տիկինը Փաշինյանի սիրեցյալների մեջ չէ այլեւս, եւ նրան հաստատ ազատելու են գործից։
Այնպես որ, Նազելի Բաղդասարյանն իր աշխատանքը բոլորի աչքը մտցնելու մեծ կարիք ունի հիմա եւ մտցրեց վերջին նիստում, հայտարարելով․ «Տարեսկզբից մինչ օրս Շիրակի մարզպետն ընդունել է 675 որոշում, նախորդ տարի որոշումների թիվը եղել է 451։

Մարզպետի համապատասխան որոշումներով ֆինանսական օգնություն է տրամադրվել 998 քաղաքացու, մինչեւ տարեվերջ նրանց թիվն ավելանալու է»։ Այսպես, ընդունած որոշումների թվով է մարզպետը չաում մարզպետարանի աշխատանքի ՕԳԳ-ն։ 

Նազելի Բաղդասարյանից բողոքում են՝ կարելի է ծերանալը նրա հետ հանդիպման սպասելով, մեր զանգերին ևս չպատասխանեց, էլեկտրոնային նամակներին ևս․ խոսնակն ասաց՝ խորհրդակցության է, որ ընդունի իրեն, հարցերը կփոխանցի։ Չընդունեց։ Ստիպված էինք հարցերն ուղղել մարզպետի եղբորը՝ Արման Բաղդասարյանին։  Երբ նրա՝ քաղաքապետարանում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող կնոջը գործից հանեցին, ամուսինը հրապարակային գրառում արեց, թե լքում է Գյումրու ավագանին։

Բայց մնաց անկախ ավագանու կարգավիճակով, ինչպես ինքն է ասում՝ չարախնդացողների ինադու։ «Ես ապրիլի վերջին անձնական խնդիր ունեցա եւ կուսակցությունից դուրս եկա եւ մանդատը դրեցի, բայց օրենքով առձեռն պետք է հանձնես մանդատը, ոչ էլեկտրոնային եղանակով, ու դա հետաձգվեց։

Լիքը մարդիկ սկսեցին չարախնդալ, այդ թվում՝ նրանք, ում դեմ քրեական գործեր էին հարուցվել
իմ հաղորդումներով։ Ու ես էլ դուրս չեկա ավագանուց, որ չուրախանան։ Էս վերջին գոնե 6-7 ամիսը ցայտուն երեւացել է, որ ես ու Նազելին ոչ մի գաղափարական ընդհանուր բան չունենք։ Իմ կողմից քաղաքային իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունը, պրոբլեմների վերհանումը, մի քանի քրեական գործեր բացվեցին իմ հաղորդումներով, ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում, այդ թվում՝ Իսահակյանի թանգարանի դռները հանելու հետ կապված քրեական գործը՝ արդեն պարզ էր, որ ես ու Նազելին զուտ հարազատներ ենք, քույր ու եղբայր, բայց ոչ նույն հայացքների տեր մարդիկ»,-մեկնաբանում է Բաղդասարյանը։ 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Նազելի, Բաղդասարյանի հետ իր պատճառով թարսվեն ու ազատեն գործից, նա ասաց․ «Ես այդ մասին խոսակցությունները լսել եմ, ու իրականում դա շատ տրամաբանական է, որովհետեւ ես՝ ինքս, որպես այդպիսին, հեռուստատեսության սեփականատեր եմ ու ավագանի եմ, բայց իմ ու մարզպետի
հարաբերությունները լարված են։ Ու եթե ինձ վնասելով, փորձում են իրեն բան հասկացնել, ամենավատ մեթոդն էին ընտրել։ Մենք թշնամի չենք, բայց գործնական առումով չենք համընկնում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: