շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
«Ես տենց բան եմ ասե՞լ». Փաշինյանը մոռացել է «շինելու» մասին իր ասածը

«Ես տենց բան եմ ասե՞լ». Փաշինյանը մոռացել է «շինելու» մասին իր ասածը

Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց 2021թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ իր աղմկահարույց խոսքերից։

Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը, ոգեւորված քաղաքացիների ջերմ ընդունելությունից, բառացիորեն ասել էր. «Կամերան հլը էն կողմ տար, ասել եմ, դրանց սաղին բռնելու ենք շինենք»։

«Tribune.am»-ի լրագրող Քրիստինե Ջեբեջյանը հարց ուղղեց վարչապետին. «Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ դուք, խոսելով Քոչարյանի աջակիցների մասին, ասացիք՝ դրանց սաղին բռնելու եմ, շինեմ։ Այս ընթացքում ու՞մ եք շինել, ձեր ուժը, ձեր կապույտ չագուչը միայն հայերի վրա՞ է պատում, Ալիևին ե՞րբ եք շինելու։ Ես, որպես քաղաքացի, ո՞նց հենվեմ մեր վարչապետի վրա, երբ աշխարհում լուրջ հարցեր են քննարկվում, մեր վարչապետը սոխով ձվածեղ է պատրաստում։ Դուք Միքայել Մինասյանին ասում էիք՝ խոհանոցից դուրս արի, նա վարչապետ չէր, դուք վարչապետ եք, ե՞րբ եք խոհանոցից դուրս գալու»։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Անկեղծ ասած, զուտ բառապաշարի առումով, կարող է և մոռացած լինեմ, ես տենց բան եմ ասե՞լ։ Իմաստային գուցե կարելի է ինչ–որ ասած մեկնաբանել այդպես, բայց ես տենց բառապաշար օգտագործե՞լ եմ, հենց տենց։  Չեմ հիշում, որ հենց այդ բառապաշարով եմ ասել։ Բայց դա էլ է պետք հասկանալ, թե ինչ է նշանակում, որովհետև հիմա մեկնաբանության հարց ա՝ ես ինչ եմ նկատի ունեցել, դուք ինչ եք նկատի ունենում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ցանկացած անձ, առավել ևս վարչապետը, որոշակի գործողություններ կատարելու առումով սահմանափակված է օրենքով։ Անկախ նրանից՝ ինչ է ասվել,  և դուք դա ոնց եք ընկալել գործողության առումով, այդտեղ սահմանափակումներ կան էլի, կներեք»։

Անդրադառնալով ձվածեղի մասին դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց. «Ուզում եմ բոլորիս համար մի գաղտնիք բացել՝ աշխարհի բոլոր առաջնորդները՝ առանց բացառության, սնվում են։ Դպրոցական տարիներին տենց ընկալում կար, որ հատկապես մեր սիրելի ուսուցիչները չեն սնվում։ Բոլոր լիդերները սնվում են։ Ընդհուպ՝ ձվածեղ են պատրաստում սեփական ձեռքերով։ Դուք կարող եք հարցնել՝ ինչ կարիք կա դա ցույց տալու. դա ընտրության և ճաշակի հարց է։ Գուցե դա ցույց տալու նպատակներից մեկն այն է, որ այն, ինչ հիմա հիբրիդային պատերազմների հետևանքով փորձ է արվում հերթական անգամ հանրությանը տոկի տալ, իրականում այնքան էլ այդպես չի, կարո՞ղ է լինել այդպիսի նպատակ։ Կամ գուցե այն, որ ամենատարբեր հարթակներով փորձ է արվում ներկայացնել, որ վարչապետն ու նրա ընտանիքը դադարել են սովորական սնունդ ընդունելուց և հատուկ տեղերից, հատուկ չվերթներով  ներկրված սնունդ են ընդունում։ Ժողովովուրդ ջան՝ նախ, աշխարհի բոլոր լիդերները հաց ուտում են՝ անկախ նրանից, թե ինչ բարդ իրադրություն է երկրում։ Եթե բանը հասել է դրան, եղել է, որ ես օրերով ու շաբաթով հաց չեմ կերել շատ կոնկրետ պատճառով։ Օրինակ, 2020 թվի նոյեմբերի եղել ա մի շաբաթ, որ ջրից բացի ոչինչ չեմ ընդունել։ 2021–ի նոյեմբերին էլ ա եղել տենց բան, որ ես ՝ ի հիշատակ մեր նահատակների 1 շաբաթ ջրից բացի որևէ ուրիշ բան չեմ ընդունել։ Ամսաթվերն էլ կարող եմ ասել՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ից կամ 9-ից 7 օր հետ գնացեք։ Կներեք, այս ինտիմ մանրամասները ներկայացնելու համար։

Անդրադառնալով մուրճի, որը քարոզարշավի ամբողջ ընթացքում Փաշինյանի ձեռքին էր, վարչապետն ասած. «Մուրճը շատ ուղիղ արտահայտվել ա գիտե՞ք ինչով, որ ՀՀ–ն այդ մուճի բերումով այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան երկիր է, քան շատերը կարող էին պատկերացնել։ Մուրճը արտահայտվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգով, տասնյակ միլիարդավոր դրամներով ա արտահայտվել, այո, այդ մուրճը ոչ մեկի գլխին չի իջել ու չի էլ իջնելու։

Էսքան բաների միջով ենք անցել, Հայաստանում քաղաքական սպանություն եղե՞լ ա էս ընթացքում, բա դա մուրճի աշխատանք չի՞, որ էդ մուրճով բառիս փոխաբերական իմաստով, շատերի գլխներին տրվել և նստացվել ա իրենց տեղը։ Հայաստանում հոկտեմբերի 27 չի եղել, տասնյակ քաղաքական սպանություններ չեն եղել։ Մուրճն աշխատում է նրանց վրա, ում մտքով անցնում է, որ այս խառն իրավիճակում կարող են քաղաքական այլ պրոցեսներ հարուցել»։

Վերջում Փաշինյանը, այնուամենայնիվ, ներողություն խնդրեց «շինելու» մասին իր արտահայտության համար՝ նշելով, որ եթե նույնիսկ այդպես է ասել «այդ իմաստով չի ասել»։

  • Կիսվել: