Ես պատրաստ եմ ստորագրել, իմ տրամաբանությունն այն է, որ նույնը պետք է հնչի Ադրբեջանից. Փաշինյան
«Մենք որդեգրել ենք ռազմավարություն և գնում ենք այդ ռազմավարությամբ: Մեզ համար ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս կան պրոցեսներ և կան պլաններ ՀՀ-ին և ՀՀ կառավարությանը դուրս բերել այդ ռազմավարությանը հետևելու ուղեգծից»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Մինսկի խումբը լուծարելու և Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջների մասին՝ վարչապետը նշեց. «Մենք ինչու ենք ասում, որ օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը մեզ համար քննարկելի է, նույն պատճառով, որ քիչ առաջ ասացի, կարծում եմ, որ Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք, բայց ինչու ենք հետաձգում Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին: Խաղաղության համաձայնագրի տեքստն այդ խնդիրը լուծում է, դա է պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ: Մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է»:
Ինչ վերաբերում է արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստին և դրա ստորագրմանը՝ Փաշինյանն ընդգծեց. «Ես պատրաստ եմ ստորագրել, իմ տրամաբանությունն այն է, որ նույնը պետք է հնչի Ադրբեջանից, որովհետև այդ թուղթը համատեղ աշխատանքի արդյունք է: Եթե պատրաստ չենք ստորագրել, ինչու ենք համաձայնել»: