Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը. Սերժ Սարգսյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը BBC-ի ռուսական ծառայությանը հարցազրույց է տվել, որտեղ նշել է, որ 2018 թվականին ստեղծվել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, իսկ Հայաստանի նոր իշխանությունը տապալել է բանակցային գործընթացը և կոպիտ սխալներ թույլ տվել, որոնք էլ եղել են պատերազմում պարտության պատճառների որոշները:
Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի զարգացումները՝ նախքան դրանց փակուղի մտնելը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու և հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն էր իրենց ստիպել իշխանության գլխին մնալ 2018 թվականին՝ նախագահական երկու ժամկետից հետո: Նա նշել է, որ կողմ չի արտահայտվում Արցախի միտումնավոր հանձնման տեսությանը, սակայն կարծում է, որ տեղի ունեցածը կոպիտ սխալների և հիմարության հետևանք է:
՛՛Մենք չենք պնդում, որ մարտական գործողությունները սկսվել են միայն ու միայն Հայաստանի սխալների արդյունքում: Ո'չ: Ադրբեջանը միշտ ցանկացել է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սակայն 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմին միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության հարցում մասամբ մեղավոր է Փաշինյանը՛՛,-ասել է Սերժ Սարգսյանը՝ դա մեկնաբանելով նոր իշխանությունների՝ արտաքին քաղաքականության հարցում թույլ տված կոպիտ սխալներով:
Անդրադառնալով այդ սխալներին՝ նա ասել է. ՛՛Նրանց թվում էր, որ մարտական գործողություններ չեն լինելու, քանի որ իրենք ժողովրդավար են, քանի որ իրենք ունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը, իրենք լեգիտիմ են և այլն:
Ո՞վ կարող է հարձակվել երկրի վրա, որտեղ ծայրահեղ ժողովրդավարություն է, իսկ մյուս երկրում՝ հարձակվող երկրում, ինչպես Փաշինյանն էր ասում, բռնապետություն է: Դա պարզապես մանկական մտածողություն է, սակայն դա իրենց չէր անհանգստացնում՛՛:
Սարգսյանի կարծիքով՝ այս իշխանությունները բանակցությունները փակուղի են մտցրել: ՛՛Նոր իշխանությունները ցանկանում էին բանակցությունները սկսել ՛՛արդարության սկզբունքի՛՛ հիման վրա և ոչ թե հաստատված շրջանակների ներքո՛՛,-ասել է նա:
Սարգսյանը նաև հավելել է. ՛՛Դուք պատկերացնու՞մ եք այդ մարդկանց մակարդակը: Ի՞նչ է նշանակում՝ ՛՛ելենելով արդարության սկբունքից: Այն, ինչ արդարացի է մեզ համար, անարդար է ադրբեջանցիների համար, և ընդհակառակը՛՛:
ՀՀ երրորդ նախագահի կարծիքով՝ դրանից բացի՝ ևս մեկ կոպիտ սխալ էր ՛՛Արցախը Հայաստան է, և վերջ՛՛ արտահայտությունը:
Անդրադառնալով բանակցություններում Արցախը ներգրավելու Փաշինյանի պահանջին՝ Սարգսյանը նշել է, որ միջազգային միջնորդները նույնիսկ չեն քննարկի այդ հարցը:
Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Որքան տհաս պետք է լինել՝ չհասկանալու համար, որ այդ պայմանը դնում է ոչ թե ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների առաջ: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները 5 հայտարարություն էին արել, որոնցում խոսել էին սկզբունքների և ձևաչափի համար: Ակնհայտ էր, որ Ղարաբաղը չէր կարող լիարժեք բանակցային կողմ դառնալ: Ասելով ՛՛լիարժեք՛՛՝ նկատի ունեմ իր դրոշով, իր նախագահով և այլն՛՛:
ՀՀ երրորդ նախագահը նաև հերքել է այն պնդումը, որ Հայաստանը զբաղված էր բանակցություններ ընթացքի ձգձգմամբ: Նա ասել է. ՛՛Մենք կառուցողական բանակցություններ էինք վարում: Ոչ մի պարագայում ինձանից չէիք կարող լսել խոսք այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները (7 շրջանը՝ խմբ.): 2001 թվականին ես նույնիսկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Հնարավո՞ր է արդյոք առավել բաց արտահայտվել: Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը, որպեսզի մեզ նման փորձանք չպատեր՛՛:
Սարգսյանի պնդմամբ՝ իրեն գրեթե հաջողվել էր, և 2018 թվականին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, որոնք պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեին. ՛՛Հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, այնուհետև մյուս երկու շրջանի վերադարձը՝ հանրաքվեի անցկացման և խաղաղապահների տեղակայման դիմաց՛՛:
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ընդուներ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է բնակչության ազատ կամարտահայտման միջոցով:
Պարզաբանելով իր խոսքը՝ նա ասել է. ՛՛Մենք սերտորեն կապում էինք երկու շրջանի վերադարձը, բացառությամբ միջանցքի, որը պետք է ցամաքային կապ ապահովեր Հայաստանի հետ, հանրաքվեի անցկացման օրվա հետ, կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման որոշակի գործընթաց՛՛:
Սարգսյանը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք Ալիևը համաձա՞յն էր դրան: Այս առնչությամբ նա ասել է՝ ՛՛գործնականում՛՛: Որպես խոսքի հաստատում՝ Սարգսյանը մեջբերել է Ադրբեջանի նախագահի խոսքը, երբ 2016 թվականին վերջինս հայտարարել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և 2020 թվականին, երբ արդեն պատերազմից հետո հայտարարել էր, որ Լաչինի (Բերձոր) և Քելբաջար (Քարվաճառ) շրջանները նախատեսվում էր թողնել հայկական տիրապետության տակ: