երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես ոչ կոչ եմ անում իշխանությանը պահել, ոչ՝ հանել, ես ավելի բարդ նպատակ եմ դնում․ Վազգեն Մանուկյան

Ես ոչ կոչ եմ անում իշխանությանը պահել, ոչ՝ հանել, ես ավելի բարդ նպատակ եմ դնում․ Վազգեն Մանուկյան

Պոպուլիզմը առաջարկում է ոչ այնքան նոր գաղափարներ, նոր կառույցներ, նոր համակարգ, որքան բոլոր չարիքների, դժբախտությունների, թերությունների մեջ մեղադրում է հենց իշխանավորներին, անձերին՝ մեղադրելով նրանց անբարոյականության մեջ, նրանք էլ ատելությունը դրոշ են դարձնում, որով հնարավոր է լինում գնալ առաջ: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հավաքին հայտարարեց ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին շատ ուժեղ կուսակցություններ քանդվեցին, և քաղաքական դաշտը որոշակի ամայացավ։

«Ժողովուրդը բացարձակապես օտարված էր իշխանություններից. մտածում էր՝ իշխանությունն ինչ ուզում է, անում է, և դա իրենից կախված չէ։ Ոմանք գերագնահատում են, ասում են՝ իշխանության եկավ մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, դա այնքան էլ այդպես չէ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ունի այն իշխանությունը, որը նոր Հայաստանի պատմության մեջ ոչ մի նախագահ, վարչապետ չի ունեցել, բայց, այնուամենայնիվ իշխանության մեջ ես կնշեի երկու հոսանք. մեկը պոպուլիստական, մյուսը՝ նեոլիբերալիզմի, որն առաջ են տանում հասարակական կազմակերպությունները»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, թե հեղափոխություն անողները միշտ հպարտանում են, որ այսպիսի հեղափոխություն չի եղել աշխարհում, բայց պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նման հեղափոխություններն աշխարհում բազմաթիվ են:

Ըստ Մանուկյանի՝ կարող է առաջին միտքը լինել այն, թե այս երևույթը հաղթահարելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն անել, բայց ինքն առաջարկում է այլ՝ ավելի բարդ տարբերակ:

«Մեր հասարակությանը մի թույլ վիրուս են սրսկել. մեր իմունային համակարգը պետք է դրա դեմ պայքարելու հակամարմիններ ստեղծի, որպեսզի ավելի լուրջ հիվանդությամբ չհիվանդանանք: Պետք է Հայաստանում առաջանա մի շերտ, որը հետագայում անհնարին դարձնի պոպուլիստական հեղափոխությունները: Ես ոչ կոչ եմ անում իշխանությանը պահել, ոչ՝ հանել, ես ավելի բարդ նպատակ եմ դնում՝ հասարակության մեջ ստեղծել այնպիսի մտածողություն, որը կապահովի Հայաստանն այդպիսի ցնցումներից»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

  • Կիսվել: