«Ես Նոստրադամուսը չեմ». Վարդան Ղուկասյանն՝ իր քաղաքապետ ընտրվելու հնարավորության մասին
«Ես Նոստրադամուսը չեմ». Վարդան Ղուկասյանն՝ իր քաղաքապետ։ ընտրվելու հնարավորության մասին
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը քիչ առաջ իր աջակիցների ուղեկցությամբ եկավ Գյումրիի քաղաքապետարանի շենք:
Այստեղ քիչ անց կսկսվի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է քաղաքապետ։ ընտրվի:
Հարցին՝ իր կարծիքով այսօր իրեն կընտրե՞ն քաղաքապետ, Ղուկասյանը պատասխանեց. «Ես Նոստրադամուսը չեմ: Սպասեք, մնացել է 15-20 րոպե: 13 տարի կառուցել եմ, առաջին անգամ ոտք եմ դնում կառուցածս այս հոյակապ շենքը, որը դարի շենք է համարվում: 100 տարվա մեջ Հայաստանի 10 լավագույն շենքերից մեկն է: Ես Սալոնիկի քաղաքապետարանը տեսել եմ, բարի նախանձով եմ լցվել, ասել եմ՝ Գյումրիում էլ ենք սարքելու: 13 տարի ոտք չեմ դրել: Երևանի քաղաքապետարանը խոնարհվում է Գյումրիի առաջ»:
Նշենք, որ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ
Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ
Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ
Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ
Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ
Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: Ավելի վաղ՝ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է վերցնել քաղաքը:
Մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որ չի բացառվում, որ ՔՊ-ն Գյումրիում կիրառի Վանաձորի նախադեպը, որտեղ ընտրություններից հետո կալանավորվեց քաղաքապետի ամենահավանական թեկնածու Մամիկոն Ասլանյանը եւ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց իշխանությանը հարմար թեկնածուն: