չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ես մեր բոլոր զինապարտ որդիներին կոչ եմ անում ծառայել հայոց բանակում. Փաշինյան

Ես մեր բոլոր զինապարտ որդիներին կոչ եմ անում ծառայել հայոց բանակում. Փաշինյան

Այսօր Միլանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիներին կոչ արեց վերադառնալ հայրենիք և ծառայել հայոց բանակում:

Վարչապետն այս կոչը հնչեցրեց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան, ով վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ է հնարավոր անել, որպեսզի իր տղան 3 տարի անց կարողանա առանց խնդիրների Իտալիայում ավարտել ուսումը, այնուհետև վերադառնալ հայրենիք և անցնել ծառայության:

Նա, մասնավորապես, ասաց. «Որդիս սովորում էր Տարտուի համալսարանում, և 2018թ. նախաշեմին, այն ժամանակ ես վարչապետ չէի, ընդդիմադիր քաղաքական գործիչ էի, եկավ Հայաստան և այլևս չվերադարձավ, որովհետև մարտին լրանալու էր իր 18 տարեկանը, և պետք է ծառայեր բանակում: Իրադարձություններն այնպես զարգացան, որ ես դարձա վարչապետ, բայց այն ժամանակ մենք գիտեինք, որ ինքը պետք է զորակոչվի բանակ: Ես հասկանում եմ, որ մենք բազում հանգամանքներով սփռված ենք ամբողջ աշխարհում: 2017թ. պատգամավորներով մեկնել էինք զորամասերից մեկը` ներկա լինելու զինվորների երդման արարողությանը, և ինձ այնտեղ հուզեց մի քանի տեսարան, երբ զինվորները երդման գրքույկը վերցրած, թոթովախոս հայերենով, ակնհայտ ռուսական առոգանությամբ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու երդում էին տալիս: Իմ որդին այսօր ծառայում է զինված ուժերում, երբ ընդդիմադիր պատգամավոր էի, որոշել էի, որ իմ որդին չպետք է փորձի բուհ ընդունվի ՀՀ տարածքում, որպեսզի այնտեղ տարկետման հավակնություն ունենա: Ես մեր բոլոր զինապարտ որդիներին կոչ եմ անում գալ հայրենիք, և զինվորական ծառայություն անցնել հայոց բանակում, մանավանդ, որ բանակում այսօր շատ ծավալուն, բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում, և հայրենիքի առաջ պարտքը կատարելը կարևոր է բոլորի համար»,- ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: