հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ես մայիսի 13–ից եմ միանալու քարոզարշավին. Մեր ընտրվելու դեպքում Հայաստանն ավելի պաշտպանված կլինի. Քոչարյան

Ես մայիսի 13–ից եմ միանալու քարոզարշավին. Մեր ընտրվելու դեպքում Հայաստանն ավելի պաշտպանված կլինի. Քոչարյան

Ես մայիսի 13–ից եմ միանալու մեր քաղաքական թիմին և շարունակելու եմ մինչև վերջին օրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ ցուցակում ընդգրկված Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ն իր քարոզարշավը սկսել է Սյունիքից, իսկ ինքը  Երևանում է։

«Ժողովուրդն այսօր ունի հնարավորություն գնահատելու 18 թվի հեղափոխության արդյունքները։ Դանից հետո 21–ի արտահերթ ընտրություններում ժողովուրդը մեզ նորից վստահեց իշխանությունը, իսկ դա հենց այդպես չի լինում, նշանակում է այն նպատակները, որ դրված էին 18 թվականին, պետք է ունենային իրենց շարունակությունը։ Եվ հիմա եկել է այն պահը, որտեղ մենք պետք է ներկայացնենք մեր արածը և ակնկալիք ունենանք քվե ստանալու և շարունակելու այն, ինչի համար 18 թվականին ժողովուրդը մեզ տվել է քվե»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարում է, որ եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ կլինի, մինչդեռ ընդդիմադիրները նշում են, որ այս մասին խոսում է մի ուժ, որը պատերազմներ է բերել, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պատերազմը մենք չենք բերել, պատերազմը, սկսել է Ադրբեջանը և բնականաբար սկսել է այն ժամանակ, երբ որ ինքը պատրաստ է եղել։ Ինչի՞ մինչև այդ մենք անընդհատ թուլացած ենք եղել, որովհետև նախկին իշխանությունները մեր երկիրը չեն սիրել, դրա համար էլ իրենց ունեցվածքը անսահման է, այդ թվում ՀՀ սահմաններից դուրս։

Հարց է առաջանում, ինչու լուծված չէր Ղարաբաղի հարցը և եկավ երկիրը կանգնեց պատերազմի շեմին, ինչու մեր պահեստները դատարկ էին, ինչու պահեստազորի խնդիրները լուծված չէին։ Երեկ էլ Սեյրան Օհանյան ամպագորգոռ բաներ էր խոսում, որը յոթ տարի եղել է պաշտպանության բանակի հրամանատար, եղել է նաև պաշտպանության նախարար, եղել է գլխավոր շտաբի պետ։ Ես իմ ելույթում խոսեցի մարտի 1–ին պաշտպանության բանակից մեծաքանակ զինվորականներ Երևան բերելու մասին։ Հարց է առաջանում. Ինչի՞ էին եկել Երևան: Լեռնային Ղարաբա՞ղն էին եկել պաշտպանեին, թե դրանով թուլացրեցին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանին տվեցին հնարավորություն ռևանշի հասնելու»։

Անդրանիկ Քոչարյանը վստահություն հայտնեց, որ ՔՊ–ի ընտրվելու դեպքում Հայաստանը կլինի ավելի պաշտպանված, քան եղել է 18 թվականից առաջ։

  • Կիսվել: