կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես իսկապես տխուր եմ հեռանալու համար, սիրեցի Հայաստանն ու հայ ժողովրդին. Ճապոնիայի դեսպան

Ես իսկապես տխուր եմ հեռանալու համար, սիրեցի Հայաստանն ու հայ ժողովրդին. Ճապոնիայի դեսպան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, հայտնում են նախարարությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության և նախարարության կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերում ու նախաձեռնություններում ակտիվ ներգրավման համար։

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր վերաբերմունքը հայ ժողովրդի և հայ մշակույթի նկատմամբ։ Մենք կարևորում ենք նաև Ձեր պաշտոնավարման տարիներին ունեցած սերտ համագործակցության դերը, և լիահույս ենք, որ առկա նախադրյալները թույլ կտան համագործակցությունը շարունակել նույնքան արդյունավետ»,- նշել է նախարարը։

Դեսպան Ֆուկուշիման ևս շնորհակալություն է հայտնել նախարար Մկրտչյանին համատեղ իրականացված աշխատանքների համար․ «Ես իսկապես տխուր եմ հեռանալու համար, քանի որ սիրեցի Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճապոնիայի համար ևս Հայաստանը կարևոր գործընկեր է, և Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել անհրաժեշտ աջակցություն տրամադրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց»,- նշել է դեսպանը։

Նախարար Մկրտչյանը դեսպան Ֆուկուշիմային հանձնել է հուշադրամ՝ սոցիալական աջակցության ոլորտում արդյունավետ համագործակցության և պարբերաբար ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ մանրամասներ։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը։

Դիտարկվել է նաև ճապոնական կողմի աջակցության հնարավորությունը՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարելավման համատեքստում։

  • Կիսվել: