շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ես հետքայլ չեմ անելու, ինձ վրա էլ եմ վստահ, թիմիս վրա էլ. Մարտուն Գրիգորյան

Ես հետքայլ չեմ անելու, ինձ վրա էլ եմ վստահ, թիմիս վրա էլ. Մարտուն Գրիգորյան

Մեզ զանգահարեցին, ասեցին, որ Անահիտ Խալաթյանին քաշքշելով տարան, ով «Մեր քաղաքը» դաշինքի կողմից ավագանու անդամության թեկնածու է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ ի տարբերություն «Բալասանյան» դաշինքի, ինքը պայքարում է եւ պայքարելու է մինչեւ վերջ. «Հետ քայլ անող մարդը այսքան լրատվամիջոցների դեմ նստած հստակ ու վստահ իրեն կպահե՞ր: Բացարձակապես հետքայլ չունեմ անելու, իմ թիմակիցների վրա էլ ունեմ վստահություն:

Ես յոթ տարի բացարձակապես ոչ մի խնդիր չեմ ունեցել ու իմ վրա այսօրվա դրությամբ շիբինի գործ են բացել: Սկզբում ծիծաղելի էր, հումորի տվեցինք, ասացինք՝ մեր շիբինը ձեր շիբինին վնաս չի, գնացեք դուք ձեր շիբինը արեք: Մտածեցինք, որ դե իրավիճակային բան էր, բայց պարզվեց, որ մարդիկ լուրջ կախվել են դրանից։ Ինչ ուզում են՝ թող անեն, գյումրեցիները լավ տեսնում են, ուղղակի հարցը այն է, որ իրենք հլը գյումրեցիներին լավ չեն ճանաչում։ Իմ վարկանիշը էլ ավելի է բարձրանալու:

Իմ ամբողջ թիմը այս պահի դրությամբ պարալիզացված է»,-ասաց նա:

Հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ են հենց իրեն թիրախավորում, Մարտուն Գրիգորյանը նկատեց, որ  այս ամբողջ ընթացքում ինքն ամենահավասարակշռված, ամենազուսպ քարոզարշավ անողն է եղել։

«Ամեն կերպ փորձել եմ ոչ մի կարմիր գիծ չհատել, այնպես անել, որ վաղը ընտրություններից հետո քաղաքում ցնցումներ չլինի, լարվածություն չլինի։ Այսօր էլ առիթ չեմ տալու, որպեսզի այդ հիմք դառնա վաղը մյուս օրը նորից լարվածությունը շարունակվելու։ Ես սա փակելու եմ այսքանով»,-ասաց նա:

Մարտուն Գրիգորյանը դիմեց նաեւ իր թիմակիցներին. «Թիմակիցներ ջան, տղեք ջան, բացարձակ պրովոկացիայի չգնաք։ Լսեք, ընկալեք, ընդունեք, չտրամադրվեք, որ դուք ո՞վ եք, գաք Գյումրի, մեր հետ այս ձևի, այն ձևի, այդ տղայական բանը մեջներդ չաշխատի: Դուք Գյումրիում եք, դուք ձեր քաղաքում եք, ընդունեք, որ հյուր են եկել, չգիտեն որդ ո՞վ եք, կարող են այդպիսի բաներ թույլ տան, նորմալ է, սա էլ կանցնի:

Մենք այս քաղաքի մեջ գլուխներս բարձր ման ենք գալու, շարունակելու ենք մեր գործը, շարունակելու ենք ապրել այս քաղաքում: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ամաչելու են վաղը կամ այսօր ժամը 8:00-ից հետո գլուխները բարձրացնեն այս քաղաքում»:

  • Կիսվել: