Ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու, երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով․ Վարդան Ղուկասյան
Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, միասին աշխատել ենք, բայց քաղաքական առումով մենք միասին չենք: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿԿ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը՝ անդրադառալով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցո՞ւմ է:
«Ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու: Երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով, բայց աշխատած պահով, ես իրեն հարգում եմ, որովհետև իրոք եղել է քաղաքի համար, աղետի գոտու վերականգնման համար և Հայաստանի Հանրապետության, Արցախի ազատագրման համար արել է այն, ինչ որ շատ-շատերը չեն արել»,-ասաց նա: