ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես երբեք չեմ խոսել հողերը հանձնելու կամ փոխանակելու մասին. Ղալումյան

Ես երբեք չեմ խոսել հողերը հանձնելու կամ փոխանակելու մասին. Ղալումյան

Ըստ ԽՍՀՄ քարտեզների՝ կան Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ, եւ կան Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Վահե Ղալումյանը:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես նշեցի ոչ միայն Հայաստանի Տավուշի մարզի ադրբեջանական հողերի, այլեւ այն հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՛՛:

Ղալումյանի խոսքով՝ այս թեմայով հանրային քննարկումներ անցկացնելն անհնար է:

՛՛Այսօրվա սահմանները չեն համապատասխանում նրան, ինչ կա Խորհրդային Միության քարտեզների վրա: Մենք խոսել ենք այս մասին, բայց ես երբեք չեմ խոսել հողերը հանձնելու կամ փոխանակելու մասին: Ես նման պատկերացում չունեմ: Հանձնման կամ փոխանակման հարց օրակարգում չկա: Ես երբեք ճշմարտության մասին խոսելը բեռ չեմ համարել: Կարծում եմ, որ ժողովրդի հետ խոսելիս խնդիրների մասին ճշմարտությունը պետք է ասել: Իսկ սահմանին ապրող ժողովուրդը լիովին տեղյակ է այդ խնդիրներին՛՛,- ասաց պատգամավորը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, որը պետք է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնի:

 

  • Կիսվել: