ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես չեմ բացառել իմ մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին․ Արա Աբրահամյան

Ես չեմ բացառել իմ մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը չի բացառել իր մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին։ Այս մասին Աբարհամյանն ասել է Respublica կայքին տված հարցազրույցի ժամանակ։

Նա, մասնավորապես, ասել է․

"Ես չեմ բացառել իմ մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին, բայց դեռևս այս հարցով կայացված որոշում չունեմ. Չնայած այն հանգմանքի, որ ինձ նման խնդրանքով դիմում են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ: Ինչու՞ եմ ես մտածում քաղաքականություն մտնելու հարցի վերաբերյալ: Տեսնելով՝ թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում, ինչպես է հետևողականորեն հարվածներ հասցվում պետականությանը, ու տեսնելով Հայաստանում ապրող մարդկանց աղքատությունը՝ չեմ կարող անտարբեր լինել այդ ամենին:

Նման վիճակում, որում հայտնվել է Հայաստանը՝ իմ փորձը, միջազգային կապերը և շփումների շրջանակը ունեցող անձը պարտական է օգնելու իր հայրենիքին: Բայց անկախ իմ կայացվելիք քաղաքական որոշումից՝ ես և իմ գլխավորած կազմակերպությունները՝ ինչպես որ օգնել են Հայաստանին և Արցախին (արդեն շուրջ 20 տարուց ավելի) այդպես էլ՝ շարունակելու են օգնել և ամեն ինչ անել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանան: Այնուամենայնիվ, հիմա, երբ խոսում են Հայաստանի և Արցախի մասին՝ բոլորը ցանկանում են իմանալ Հայաստանյան «Շառլ դը Գոլի» անունը: Իրականում որոշիչը՝ անձի անհատականության ու մասշտաբի մեջ է. Եթե մենք հիմա չընտրենք պատրիոտի, որը իրապես ունի գաղափարախոսություն և գործողությունների ծրագիր, ապա դեռ երկար ժամանակ չենք կարողանալու դուրս գալ այս իրավիճակից: Բայց հիմա նույնիսկ ծրագրի առկայությունը դեռ բավարար պայման չէ հաջողության հասնելու համար:

Պետք է լինի պատկերացում, թե ինչ թիմով պետք է իրագործվի այդ ծրագիրը: Ծրագրային յուրաքանչյուր դրույթ, յուրաքանչյուր կետ պետք է ապրապնդված լինի ֆինանսական երաշխիքներով և մարդկային ռեսուրսով: Պետք է լինեն նաև ծրագրի իրագործման երաշխիքներ: Թե չէ՝ կլինի նույն դեմագոգիան և խաբեությունը, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզն» է: Ընդ որում, երեք ամիս է անցել այդ քարտեզի հրապարակումից, բայց երկրում իրավիճակը օր օրի ավելի վատթար է դառնում. Հետևաբար, մենք այլևս հնարավորություն չունենք տուրք տալու նոր խաբեությունների:

Ունենալով Հայաստանի զարգացման ծրագիր և ճանապարհային քարտեզ՝ ես հանդիպումներ ու խորհրդակցություններ եմ ունենում ՌԴ և տարբեր երկրների պետական կառույցների ներկայացուցիչների, քաղաքական և տնտեսական շրջանակների, բիզնես կորպորացիաների ղեկավարների հետ, որպեսզի իրագործեմ այն ծրագիրը, որը Հայաստանը դուրս կբերի քաղաքական, տնտեսական և հոգեբանական այս ճգնաժամից:

Հիմա Հայաստանին պետք են արագ և ոչ ստանդարտ լուծումներ. Պետք է հասկանալ, թե ի՞նչ գլոբալ պրոցեսներ են ընթանում աշխարհում և ո՞րն է դրանում Հայաստանի տեղը ու դերը: Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ հազարամյակներով խաչվում ու բալանսավորվում են ՌԴ, ԱՄՆ, Իրանի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի շահերը: Եթե Հայաստանը ճիշտ քաղաքականություն վարի, ապա այս շահերի մրցակացությունից Հայաստանը կարող է դառնալ ուժեղ և ծաղկող: Ակնհայտ է, որ ոչ մի ժամանակակից պետություն չի կարող զարգանալ առանց բարեկամական կապերի: Սա առավել քան արդիական է Հայաստանի պես տարածքով և բնակչությամբ փոքր երկրի դեպքում: Հայաստանը պետք է ունենա դաշնակից գերտերություն:

Պատմականորեն Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ստրատեգիական դաշնակիցն է և շարունակում է մնալ այդպիսին: Մենք Ռուսաստանի հետ կապված ենք մշակութային, հոգևոր, ռազմաքաղաքական կապերով, ինչպես նաև ընդհանուր ինքնատիպ ճակատագրով և պատմությամբ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը այլ գերտերությունների հետ հարբերություններ չպետք է կառուցի, մասնավորապես, այն պետությունների հետ, որտեղ մենք ունենք մեծ և ուժեղ սփյուռք: Պետք է հասկանալ, որ այլ պետությունների հետ հարաբերությունները չպետք է կառուցվեն ի հակակշիռ Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունների: Ու այսպիսի մոտեցումը՝ կլինի ի շահ բոլորի և տարածաշրջանի զարգացմանը:

Անհրաժեշտ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության բացասական հետևանքներից մեկն էլ արտաքին հարաբերություններում ձախողումն էր. Նա փչացրեց բարեկամ և դաշնակից երկրների հետ հարաբերությունները, որը հանգեցրեց նրան, որ մենք զրկվեցինք նրանց աջակցությունից: Այս կոնտեքստում՝ հիմա մենք ստեղծում ենք «Արարատյան Ալյանս», որը միավորելու է Հայաստանի բարեկամ երկրներին: Առաջին ֆորումը տեղի է ունենալու աշնանը՝ Հայաստանում: Սա նոր ինտեգրացիոն պլատֆորմ է՝ ուղղված Հայաստանի տնտեսական, հոգևոր-մշակութային, բարոյական զարգացմանը: Աշնանը անցկացվելիք այս ֆորումը, վստահ եմ, դառնալու է Հայաստանի տարբեր ուղղություններով համակարգային զարգացման սկզբնակետը":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: