կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ես ապօրինաբար նստել եմ և արդարացվել, ժամանակն է, որ Փաշինյանը օրինականորեն և շատ երկար նստի․ Քոչարյան

Ես ապօրինաբար նստել եմ և արդարացվել, ժամանակն է, որ Փաշինյանը օրինականորեն և շատ երկար նստի․ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի իրադարձությունների մասին այնքան շատ է խոսում, որովհետև նրան թվում է, թե այդպես կխմբագրի սեփական ձախողումները, 5 հազար զոհերին և ահռելի կորուստները։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «նստեցնելու» սպառնալիքներին, ապա Քոչարյանը նկատել է․ ես ապօրինաբար նստել եմ և արդարացվել, ժամանակն է, որ Փաշինյանը օրինականորեն և շատ երկար նստի։

Ընտրակաշառքի մեղադրանքների մասին հարցին ի պատասխան՝ քաղաքական գործիչը հայտնել է, որ նյութերին ծանոթ չէ, սակայն արձանագրում է Հակակոռուպցիոն կոմիտեի երեկվա «բենեֆիսը», որը ողջ օրը հրապարակում էր ձայնագրություններ։ Այնպիսի տպավորություն է, որ երկրում բոլոր քաղաքացիներին լսում են, արձանագրել է Քոչարյանը՝ հավելելով, որ եթե քաղաքացիները համաձայն են, կարող են քվեարկել նրա օգտին, ով ստեղծել է այս իրավիճակը։

«Մարդկանց խոհանոցներն ու անկողիններն են մտնում»,- արձանագրել է քաղաքական գործիչը։ Նրա գնահատմամբ, քանի որ Փաշինյանը վախկոտ է, և դա բոլորը գիտեն, նա իր ֆոբիաները պրոյեկտում է քաղաքացիների վրա և մտածում, թե կստանա ցանկալի արդյունքը։

Քոչարյանը հաստատել է դաշինքի այն դիրքորոշումը, որ ձայների մեծամասնություն ստացած ուժը (կոալիցիայի դեպքում՝ ընդդիմադիր ուժը - խմբ.) իրավունք ունի առաջադրելու իր թեկնածուին վարչապետի պաշտոնում, դա ակնհայտ է և բխում է Սահմանադրության ոգուց ու տրամաբանությունից։

Այն դիտարկմանը, թե մյուս ընդդիմադիր ուժերը հրաժարվում են «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորությունից, Քոչարյանը հիշեցրել է, որ իշխանությունները նախընտրական շրջանում դիմում էին «եռագլուխ կուսակցության» թեզին և մեղադրում, թե մյուս ընդդիմադիրներն իբր աշխատում են Քոչարյանի համար։ «Այս թեզը չի աշխատում։ Ընդդիմադիր ուժերն ընդգծում են իրենց ինքնուրույնությունը, ես նրանց հասկանում եմ», - նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ դա իշխանություններին դիմակայելու գործիք է։

  • Կիսվել: