հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երկու զինծառայողներ տարբեր ժամանակներում անհետացել են և որևէ տվյալներ չկան. Տիգրան Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանին

Երկու զինծառայողներ տարբեր ժամանակներում անհետացել են և որևէ տվյալներ չկան. Տիգրան Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանին

Երկու զինծառայողներ տարբեր ժամանակներում անհետացել են և որևէ տվյալներ չկան: Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հասկանալու համար թե առհասարակ ի՞նչ է հայտնի ՊՆ-ին այդ զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, և արդյոք ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու և զինծառայողներին հայտնաբերելու համար: Ինչպես նաև հարց ուղղեց, թե ինչո՞ւ երկրորդ դեպքով պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ՊՆ-ն Աբրահամյանի գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել է, որ բոլոր գործերը քննվում են Քննչական կոմիտեում ու ուղղորդել էին Քննչական կոմիտե:

«Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ պատրաստ եմ քննարկել ձեզ հետ հանդիպման ժամանակ, այլ նորություններ կամ այստեղից բարձրաձյանել, նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակում կարող եք ստանալ», - ասաց նա:

Աբրահամյանն ի պատասխան ասաց, որ ստացել է պատասխանը, որտեղ կա միայն հաստատում, որ զինծառայողը անհետացել է:
Նա հետաքրքրվեց՝ քանի՞ ոչ մարտական կորուստ է Հայաստանն ունեցել 2021 թվականի ընթացքում, ՊՆ-ն ունի՞ ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի, դրդապատճառների մասին ու եթե կա պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով են աշխատում ՝կանխելու նման միջադեպերը:

Սուրեն Պապիկյան էլ ասաց, որ հիմա պատրաստ չէ ներկայացնել ցուցանիշներ:

«Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ ու դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին ասեմ, դուք խոսեցիք մի շրջանի մասին, որն իմ՝ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց իմ պատասխանատվության տիրույթում է: Ես հետամուտ եմ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ , որ մանրամասն քննություն իրականացվի, ինտենսիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ: Այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան պարզված հանգամանքներ», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա նշեց նաև, որ վերլուծություն կա, բայց այն դեռ չի հաստատվել իր կողմից, քանի որ չի բավարարել իրեն:

«Պատճառահետևանքային պրոբլեմները բազմաթիվ են՝ սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներով, ի դեպ, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները։ Այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում, նաև հակառակորդի», - ասաց նախարարն ու կոչ արեց բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս ցուցաբերել զգուշավորություն:

«Ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ երկրի համար», - հավելեց Պապիկյանը:

  • Կիսվել: