շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ըստ Միրզոյանի՝ երկու կարևոր հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները տարբեր են

Ըստ Միրզոյանի՝ երկու կարևոր հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները տարբեր են

Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին- թուրքական Անադոլու-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշել է, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ, և դրանցից մի քանիսի շուրջ հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ:

Այնուամենայնիվ, ըստ Միրզոյանի, երկու կարևոր հարցի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են: Այդ խնդիրներից առաջինը, նրա խոսքով, վերաբերում է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերին։

Միրզոյանը կրկնել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նշել, որ սահմանազատման գործընթացը, որը ներառում է սահմանների սահմանում և գծում, պետք է տեղի ունենա Ալմա Աթիի հռչակագրի շրջանակում։

ՀՀ ԱԳ  նախարարն ընդգծել է՝ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի: Նա հավելել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության համաձայնագրի նախագծում։ Այս հարցում, ըստ Միրզոյանի Ադրբեջանից դրական պատասխան ստանալ հնարավոր չի եղել:

«Մեզ համար առաջին հերթին կարևոր է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը և դա տնտեսական օգուտներ կբերի մեզ»,-ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Հայաստանը նախատեսում է, որ իր կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի տնտեսապես կարևոր և տարածաշրջանում մշտական խաղաղության երաշխավորը։

Խոսելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների մասին՝ նա նշել է, որ դրանք պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են։ Միրզոյանը հավելել է, որ կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները։

Միրզոյանն ընդգծել է, որ հավասարության նույն սկզբունքը կգործի Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիների պարագայում։

«Մեր ժողովուրդն արժանի է խաղաղության, և մեզնից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք հիմա»,-ասել է նա:

  • Կիսվել: