չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Երկու երկրների կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու ցանկությունը մեծ է. Չեռնոգորիայի վարչապետ

Երկու երկրների կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու ցանկությունը մեծ է. Չեռնոգորիայի վարչապետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 1-ին հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է»,- ողջունելով Ֆիլիպ Իվանովիչին՝ ասել է Հակոբ Արշակյանը: Երկկողմ հարաբերությունների շրջանակում ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես կապերի ամրապնդման փոխադարձ հանձնառության ամուր ցուցիչ:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը հաջողությամբ անցել է բոլոր անհրաժեշտ ներքին ընթացակարգերը և երկրորդ ընթերցմամբ ընդունվել Ազգային ժողովի կողմից:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությունների մասին: Նա ներկայացրել է Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Երկու երկրների կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու ցանկությունը մեծ է»,- ասել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Ֆիլիպ Իվանովիչը ողջունել և շնորհավորել է հայ ժողովրդին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ:

Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը կարևորել է բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունն ու փոխադարձ այցերը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժի և հեռանկարների, փոխհամագործակցության շուրջ:

Կողմերն ընդգծել են, որ պետք է իրացվի երկու երկրների միջև համագործակցության առկա ներուժը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը:

  • Կիսվել: