Երկրում շարունակվում է անվտանգային և քաղաքական ճգնաժամը․Սաղաթելյան
Թշնամին այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում է, հազարից ավելի զինվոր ունի և մեր երկրի անվտանգությունը լրջագույն հարցականի տակ է, հետևաբար, եթե փողոցում այս օրերին մարդիկ չկան, ապա սա չի նշանակում, որ ճգնաժամը հաղթահարված է:
Այս մասին այսօր ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան դաշինքի» անդամ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Փաշինյանի՝ ՍԴ որոշման անդրադարձի մասին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու միջոց դարձան:
«Մենք մինչ ընտրություններն էլ ասում էինք, որ այս իշխանության վերարտադրվելու դեպքում ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվելու, այլ այն նոր դրսևորումներ է ունենալու, որովհետև ճգնաժամի բուն պատճառը, ըստ էության, հեռացված չէ, երկրում շարունակվում է անվտանգային և քաղաքական ճգնաժամը»,-նշեց Սաղաթելյանը։
Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հետընտրական իրավիճակում պատրաստ են համագործակցության՝ զերծ ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից՝ Սաղաթելյանը նշեց, որ նախ պետք է հստակ արձանագրել, որ ատելության խոսքը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է Նիկոլ Փաշինյանը:
«Նա և նրա ամբողջ իշխանությունը կառուցված է ամբողջովին ստի և կեղծիքի վրա, ինքն էր հասարակությանը բաժանում «սևերի և սպիտակների», ինքն էր մուրճը վերցրել և վազվզում փողոցներով, ինքն էր ասում՝ թաթիկներդ կկտրեմ, կփռեմ ասֆալտին, ծնոտդ կջարդեմ և այլն: Այսինքն՝ ատելության խոսքը ՀՀ-ում տարածել է թիվ 1 պաշտոնյան»,– շեշտեց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանն այս հայտարարությունց առաջ պետք է հետևություններ աներ նաև հենց իր պահվածքից և եթե արել էր, ապա պետք է երկու կարևոր քայլեր աներ: Ըստ Սաղաթելյանի՝ առաջինն այն է, որ առաջին հերթին պետք է ազատվեին այն բոլոր քաղբանտարկյալները, որոնք հիմա կան:
Խոսելով մանդատները վերցնելու և հետագա գործունեության մասին՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ ասել են, որ լինելու են նոր որակի ընդդիմության և օգտվելու են ԱԺ-ի ընձեռած ողջ գործիքակազմից, որպեսզի նոր ուժ ու տան իրենց սկսած պայքարին:
«Օգտվելու ենք բոլոր հնարավորություններից՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու, լսումներ կազմակերպելու, հարցապնդումներ իրականացնելու, օրենսդրական փոփոխություններ առաջարկելու: Այս իմաստով ինչ հնարավոր է, անելու ենք, բայց սա չի նշանակում, որ մենք թողնելու ենք փողոցը»,-ընդգծեց նա:



