հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, ինչի արդյունքում կլուծվի խոշորացված համայնքների ՏԻՄ կառավարման խնդիրը:

Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արփինե Դավոյանը:

Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ անցումային դրույթում ավելացնել 6-րդ մաս հետևյալ բովանդակությամբ. եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

«Երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը գրեթե կրկնում է այն, ինչ առաջին ընթերցմամբ ընդունել ենք: Զուտ երկու տեխնիկական բնույթի փոփոխություն է կատարվել: «Հայաստան» խմբակցությունը առաջարկում էր սահմանափակել, թե ով կարող է լինել պաշտոնակատար: Այս դեպքում նրանք քաղաքական նպատակահարմարության հարց էին բարձրացնում, իսկ մեր առարկությունը եղել է այն, որ սա ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է, այլ խոշորացված համայնքներում նման ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվելու դեպքում լուծում տալուն է միտված: Եվ այստեղ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով չենք կարող օրենքում անել կարգավորում, որը հետագայում պարզվի, որ նորից է անհրաժեշտ կարգավորել: Դրա համար այդ կարգավորումը իմ կողմից չընդունվեց»,-ասաց Հովակիմյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 3 պատգամավոր:

  • Կիսվել: