երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Երկկողմ հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, և ոչինչ չի կարող խաթարել դրանք. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը՝ Գրիգորյանին

Երկկողմ հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, և ոչինչ չի կարող խաթարել դրանք. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը՝ Գրիգորյանին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Երևանում իր հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է նպաստել տարածաշրջանի երկրների միջև քաղաքական, անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս մասին հայտնում է իրանական Mehr-ը։

Նշվում, է, որ հանդիպման ընթացքում Ահմադիանը հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանի երկրների միջը քաղաքական, անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Նա նաև շեշտել է երկրի սկզբունքային քաղաքականությունը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության նկատմամբ:
 
՛՛Երկկողմ հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, և ոչինչ չի կարող խաթարել կամ փոխել դրանք՛՛,-ասել է Ահմադիանը։
 

Երկուստեք գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունների զարգացման միտումից։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և ընդգծել կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին ողջունել է իրանցի գործընկերոջ այցը Հայաստան և ընդգծել բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը՝ ելնելով տարբեր ոլորտներ ընդգրկող երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից։ Արմեն Գրիգորյանն իր երկրի ցանկությունն է հայտնել․ ընդլայնել Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, ինչպես նաև օգտվել Չաբահար նավահանգստի ռազմավարական հնարավորություններից։

Բացի դրանից՝ երկու պաշտոնյաները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումից, քննարկել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղղություններ:

  • Կիսվել: