շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երևանը պետք է կայացնի ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը. Բաբաջանյան

Երևանը պետք է կայացնի ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական միջավայրերի հարափոփոխ իրավիճակը, օրավուր աճող սպառնալիքները բոլոր ուղղություններով մի եզրահանգման առաջ են կանգնեցնում՝ Հայաստանը պետք է կարողանա ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին որոշում կայացնել և հաստատուն քայլերով գնալ այդ ուղղությամբ: 
Եթե Հայաստանի իշխանությունը լուրջ է Արևմուտքի, ի մասնավորի՝ ԱՄՆ-ի, հետ հարաբերությունների ընդլայնման, խորացման հարցում և ցանկանում է տեսնել նրա ավելի լոկոմոտիվ դերը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման, ժողովրդավարության պաշտպանության, առավելապես՝ տեխնոլոգիաների, պաշտպանական, ինքնապաշտպանական այլ կարողությունների ձեռքբերման գործում, ապա դա հաստատապես կարող է տեղի ունենալ։ Հայաստանը կարող է դրանք ստանալ, եթե կարողանա անկեղծ զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ: 

Մեծապես ներքաղաքական, Արցախից եկող ճնշումների պատճառով Հայաստանի իշխանության ներկա վարքագիծը կասկած է հարուցում։ Անհնար է ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնող կոնստանտ և համակարգային համագործակցության հաստատում այն պայմաններում, ինչ անում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված գլոբալ իրողությունները, Մոսկվա-Բաքու-Անկարա՝ Հայաստանի և Արցախի ուղղությամբ եռաշերտ սպառնալիքը հաշվի առնելով, Մոսկվայի հետ համագործակցության պահպանումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը անհնար է դարձնում, դրանք զուգահեռ գործընթացներ չեն կարող լինել, և դրանցից յուրաքանչյուրը չի կարող ինքնուրույն կյանք ունենալ՝ առանց մյուսի հետ բախման:

Եթե Հայաստանը որոշել է պետություն մնալ, առավել ևս՝ ինքնիշխան և ժողովրդավար, եթե Հայաստանը որոշել է ամեն գնով պահպանել իր տարածքային ամբողջականությունը, Երևանը պետք է կայացնի այդ ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը և հաստատուն քայլերով գնա այդ ուղղությամբ: Այդ հարցում Հայաստանի իշխանությունը ունի Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի, հասարակության լայն հատվածի և, որ նոր երևույթ է, սփյուռքի հարաճուն աջակցությունը»։

  • Կիսվել: