երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Երևանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել առաջիկա բանակցություններին և սպասում է գործընկերների արձագանքին․  ԱԽ քարտուղար

Երևանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել առաջիկա բանակցություններին և սպասում է գործընկերների արձագանքին․ ԱԽ քարտուղար

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի է ունենալու Հայաստանի սուվերենության և իրավասության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարություններին։

Հիքմեթ Հաջիևը նախօրեին «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում մեղադրել է Հայաստանին «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ներկայացնելով «2020 թվականի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորություններից» խուսափելու մեջ։

«Հայաստանը շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը, թեև նախագիծը վերաբերում է հենց տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Հայաստանով երթուղու բացումը Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է կատարեն»,- նշել էր Հաջիևը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հաստատի, որ Հայաստանով հնարավոր կոմունիկացիաների բացման համար հիմք են ընդունվելու ինքնիշխանության, իրավազորության պահպանման, փոխադարձության ու հավասարության սկզբունքները, որից հետո, ըստ նրա, հնարավոր կլինի արդեն ավելի կոնկրետ մեխանիզմների մասին խոսել։

«Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ։ Վերջերս վարչապետն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի շրջանակում հենց այս սկզբունքների պահպանմամբ ապաշրջափակման իրականացման դեպքում հավելյալ կայունություն ու խաղաղություն կապահովվի տարածաշրջանում։ Անհրաժեշտություն կա նաև աշխատելու խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն ունենանք։ Շատ կարևոր է, որ Հայաստանի և Իրանի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում համընկնում են»,- նշել է Գրիգորյանը։

Հարցին՝ ի՞նչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ հայտարարելով, որ հնարավոր է՝ պարզեցված ընթացակարգ լինի Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու համար, ԱԽ քարտուղարն արձագանքել է, որ դա հարցի առավել տեխնիկական մասն է։

«Ապաշրջափակման նշածս 4 սկզբունքները համաձայնեցնելու մասին հրապարակային հայտարարելուց հետո արդեն կարող ենք աշխատել նաև պարզեցման այդ մեխանիզմենրի շուրջ։ Մենք լսել ենք Ադրբեջանից համաձայնություն այդ սկզբունքների շուրջ, ակնկալում ենք, որ նրանք հրապարակային ևս կհայտարարեն այդ մասին, և կշարունակենք աշխատել հետագա քայլերը հստակեցնելու ուղղությամբ»,- ասել է Գրիգորյանը։

Ադրբեջանի նախագահի օգնականը նույն հարցազրույցում ասել էր, թե խաղաղության պայմանագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մի քանի չլուծված խնդիրներ են մնացել։ Այն հարցին, թե ինչ կետեր կան Երևանից Բաքվին փոխանցված հերթական առաջարկներում, որն Ադրբեջանի ղեկավարությունը զգալի առաջընթաց է համարում իրենց համար, Գրիգորյանը չի մանրամասնել։

«Սրա մասին կխոսենք հետագայում, երբ խաղաղության պայմանագրի ուղղությամբ ավելի հստակ առաջընթաց կունենանք։ Բանակցություններն ընթանում են՝ այն իմաստով, որ տեքստերով ենք փոխանակվում, հուսանք՝ ավելի առարկայական քննարկումների հնարավորություն կլինի շուտով, և դրանց արդյունքում ավելի հստակ կխոսենք հրապարակային»,- ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով հունվարին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հավանականությանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Երևանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել առաջիկայում այդ բանակցություններին և սպասում է գործընկերների արձագանքին։

Ադրբեջանը վերջին շրջանում մի քանի անգամ առաջարկել է սահմանազատման և սահմանագծման գործընթացը տարանջատել խաղաղության պայմանագրի ստորագրումից՝ ձգտելով այդ կերպ անորոշ թողնել սահմանների հստակեցման հարցը։ Արդյո՞ք այդ դեպքում չի ստացվի, որ պայմանագիրը կստորագրվի, բայց ադրբեջանական զորքերը կշարունակեն մնալ Հայաստանից օկուպացված տարածքներում։ Ի պատասխան այս հարցին՝ Արմեն Գրիգորյանն ասել է, որ հայկական կողմն էլ առաջարկում է 1974-78թթ․ խորհրդային քարտեզների հիման վրա զորքերի հայելային հետքաշում կատարել։

«Բանակցությունները շարունակում ենք և հույս ունենք, որ կկարողանանք համաձայնությունների հասնել և կշարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»,- եզրափակել է ԱԽ քարտուղարը։

  • Կիսվել: