կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանը Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասով Մոսկվայից առաջարկություններ ստացել է

Երևանը Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասով Մոսկվայից առաջարկություններ ստացել է

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից առաջարկություններ ստացել է։

Ըստ արգործնախարարության՝ Երևանը նաև արձագանքել է առաջարկություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են․ - «Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից փոխանցված առաջարկությունների համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել ՌԴ մտահոգությունները, ինչի վերաբերյալ պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից հայաստանյան կողմին չի ներկայացվել»։

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էլ հայտարարեց՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում են «բացարձակապես ոչ-բարեկամական քայլ»։ Նա նաև տեղեկացրեց, որ Մոսկվան որոշակի առաջարկներ է ներկայացրել Երևանին, «սակայն դատելով իրավիճակից՝ Երևանում կա՛մ դեռ մտածում են դրանց ուղղությամբ, կա՛մ որոշել են մերժել»։

  • Կիսվել: