Երևանը բարձր է գնահատում Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հարցում ՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի (տեսանյութ)
Հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները ու փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո։ Այս մասին այսօր Երևանում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ըստ նրա այս փաստը ամրագրված է պատմության մեջ աննախադեպ իրողությամբ, երբ Նիդերլանդների օրենսդիր մարմինը գրեթե միաձայն որոշում կայացրեց դիմելու կառավարությանը՝ Հայաստանում դեսպանություն բացելու համար: «Նիդերլանդների կողմից Հայաստանում դեսպանություն հիմնելու որոշումն, անշուշտ, նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»,- նշեց Մնացականյանը։
Նա հավելեց, որ վերընթաց տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը. մասնավորապես Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը մեկ տարվա կտրվածքով երկնիշ աճ է արձանագրել՝ մոտ 26%: «Ընդհանուր առմամբ, մեր առևտուրը այս տարվա ընթացքում աճել է մոտավորապես 9.2%-ով: Մեր երկրում առկա դրական փոփոխությունները, ինչպես նաև դարավոր մշակույթը մեծ հետաքրքրություն են առաջացրել Նիդերլանդների քաղաքացիների համար. մեկ տարվա կտրվածքով Նիդերլանդներից Հայաստան այցելուների քանակը շեշտակիորեն աճել է. արձանագրվել է Նիդերլանդներից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների մոտավորապես 23%: Համոզված ենք՝ այս ոլորտն առավել կզարգանա ուղիղ չվերթի բացման պարագայում»,- ասաց Մնացականյանը :
Նա նշեց, որ Հայաստան-Նիդերլանդներ միջպետական հարաբերություններում կարևոր դեր է վերապահված խորհրդարանական համագործակցությանը: «2019թ. հոկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցելություն կատարեց Նիդերլանդներ, որի շրջանակներում ձևավորվեց Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակը՝ բաղկացած քաղաքական, գործարար, մշակութային և գիտության գործիչներից»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով առկա է մեծ ներուժ նաև տնտեսական ոլորտում. խոսքը, մասնավորապես, գյուղատնտեսության, թափոնների վերամշակման և կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների ու առողջապահության բնագավառների մասին է: «Հատկանշական է, որ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հայ-նիդերլանդական համագործակցությունն օրինակելի է. Հայաստանն այդ ոլորտում Նիդերլանդների հետ արդյունավետ փոխգործակցող երկրների շարքում առաջատար տեղ է զբաղեցնում։ Մեր երկկողմ հարաբերությունները նաև կարևորվում են Հայաստան-Եվրամիություն գործընկերության տեսանկյունից: Անցյալ տարեվերջին Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատները հինգ օրվա տարբերությամբ միաձայն վավերացրեցին Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա վկայում է Եվրամիության հետ մեր փոխգործակցության խորացմանը ԵՄ հիմնադիր երկրներից մեկի՝ Նիդերլանդների կարևոր աջակցության մասին»,- ասաց Մնացականյանը։
Ըստ նրա երկու պետությունները ունեն նաև միջազգային հարթակներում համագործակցության հարուստ փորձ, և մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել այն առավել զարգացնելու ուղղությամբ: «Առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ նաև արդարադատության, գիտության, կրթության բնագավառներում. այդ ուղղությամբ արդեն իսկ կյանքի են կոչվում համատեղ ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով նոր բնագավառներ, ինչպիսին է, օրինակ, բնապահպանությունը»,- ասաց Մնացականյանը:
Նա հավելեց, որ երկկողմ օրակարգից զատ, անդրադարձել են նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին, որոնք տեղի են ունենում նաև Հայաստանի անմիջական հարևանությամբ։ «Մենք համակարծիք ենք, որ բոլոր ներգրավված և շահագրգիռ կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն իրավիճակի կայունացման և լարվածության թուլացման ուղղությամբ։
Բնականաբար անդրադարձանք նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Գործընկերոջս տեղեկացրի խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումների մասին։ Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել Եվրամիության առաջատար երկրներից մեկի՝ Նիդերլանդների հավասարակշռված դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,- եզրափակեց Մնացականյանը:


