հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երեւանում ընթանում է Orion Summit 2022-ը. Նախատեսված է 5 պանելային քննարկում

Երեւանում ընթանում է Orion Summit 2022-ը. Նախատեսված է 5 պանելային քննարկում

Երևանում, Մատենադարանում, այսօր՝ հունիսի 22-ին, մեկնարկել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որ առանցքում ստարտափների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական թեմաներն են։

Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը: Միջոցառումը կբացեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բանախոսներին կմիանա նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Գագաթնաժողովը կտևի մեկ ամբողջական օր, որին կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Տեղի կունենա 5 պանելային քննարկում:

1

Գագաթնաժողովի ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների առավել լայն շրջանակով:

2

Orion Summit 2022-ը մեկ հարթակի վրա կմիավորի գալիք միաեղջյուր ընկերությունների հիմնադիրներին, որոնք կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները և մոտիվացնելու երիտասարդ ստարտափ հիմնադիրներին։ BAJ Accelerator-ի ծրագիրը աջակցելու է 10 հայ միաեղջյուր ընկերությունների ճանապարհորդությանը 5-6 տարում:

3

Առաջին անգամ Orion  Summit-ը կներկայացնի Հայկական ստարտափ էկոհամակարգի համախմբման նախաձեռնությունը միաձուլումների եւ կլանումների միջոցով: Նաեւ կքննարկվեն ստարտափերի շատ արագ աճի հնարավոր խթանները:

4

Գագաթնաժողովի գլխավոր թեմաներից են որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP- աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերը: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։ Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։

5

Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հայտարարել Համահայկական առևտրային, մտավոր, տեխնոլոգիական և մշակութային ուժը համախմբող նախաձեռնության «Թվային Ջուղայի ցանցը»։ Նպատակը կրկին ոտքի կանգնելն է Հայաստանի և հայության տնտեսական և ինտելեկտուալ դիրքավորման հզոր ցանց համաշխարհային մասշտաբով։ Նոր Ջուղայի 300+ տարեկան հայ վաճառականների հզոր ցանցը առևտուր էր իրականացնում Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական ծով: Թվային Ջուղան նրա էվոլյուցիան է համաշխարհային մակարդակով, որի հիմնական շարժիչ ուժը նորարարությունն է:

Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ «մայր» ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ, հետագայում ընկերության ձեռքբերումների և կլանումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր։

Քննարկմանը բանախոսելու է Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցի` Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ամերիան առաջիններից մեկն է, որ Հայաստանում դեռևս 2016 թվականին ներդրել է ESOP ծրագիրը: Դավիթ Սարգսյանը կներկայացնի ընկերության հաջողված փորձը:

Քննարկմանը կմասնակցեն cognaize-ի հիմնադիր Վահե Անդոնիանսը, Service Titan Armenia-ի ղեկավար Աշոտ Տոնոյանը, BDO -Հայաստանի ներկայացուցիչները։

Orion Summit 2022-ին Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

Գագաթնաժողովի այցելուները հնարավորություն կունենան լսելու բանախոսների համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:

«Գագաթնաժողովը կքննարկի տեխնոլոգիական բիզնես-աշխարհի ամենաարդիական թեմաները, որոնք կարևոր են նաև հայաստանյան ստարտափների համար: Orion Summit-ը գործարքներ կնքելու հարթակ է դառնում: Սկսում ենք Երևանից, մյուս տարի այն տեղի կունենա Նյու Յորքում, իսկ հաջորդ տարի ՝  Ֆրանկֆուրտում: Նպատակն է հայկական ծագում ունեցող ստարտափներին խոշորագույն համաշխարհային ընկերությունների տեսադաշտում հայտնվելու, համագործակցելու հնարավորություն տալ»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:

Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հայտարարել Համահայկական առևտրային, մտավոր, տեխնոլոգիական և մշակութային ուժը համախմբող նախաձեռնության «Թվային Ջուղայի ցանցը»։ Նպատակը կրկին ոտքի կանգնելն է Հայաստանի և հայության տնտեսական և ինտելեկտուալ դիրքավորման հզոր ցանց համաշխարհային մասշտաբով։

Միջոցառման վերջում տեղի կունենա BAJ Unicorn Academy-ի ավարտական արարողությունը եւ մրցանակաբաշխությունը:

Նշենք, որ «Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների ՝  հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։  

  • Կիսվել: